Վայոց Ձորի թեմ

Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի

Advertisements

Սբ. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Սբ. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին:

Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

Արկադիոս կայսեր օրոք (395 – 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Սբ. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և

գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով:

Հայ իրականության մեջ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը, իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել:

Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:

Advertisements