ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Աստվածածնին նվիրված յոթ տերունի տոն ունի, որոնցից հինգերորդը Ս. Աստվածածնի Ծննդյան տոնն է, որն անշարժ  է և նշվում է սեպտեմբերի 8-ին:

Աննայի` Սուրբ Կույսի մոր հրաշափառ հղությունից ինն ամիս հետո ծնվեց Ս. Աստվածածինը, ում անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ: Սրանով կատարվեց Աստծո խոստումը` տրված նահապետներին, ըստ որի` նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը, նրանց արմատից բխեց Սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն` նախահոր մեղքերը վերցնողին:

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն  Սուրբ Կույսի և առաքյալների մասին.«Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները` ժողովուրդների մեջ. Ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե` «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ ուրախ պիտի լինեն ի Տեր»(Եսայի ԿԱ 9 ):

Եթե Երեմիա մարգարեն ընտրվել էր մինչև իր ծնվելը` ըստ իր խոսքի. «Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբացրի քեզ» (Երեմաի Ա 5), իսկ առաքյալներն աշխարհի լինելուց առաջ ընտրվեցին` «Աստված…ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով» (Եփես. Ա 3-4), ապա որքան առավել Սուրբ Կույսն է ընտրյալ, ով կոչվում է Դրախտ աստվածային և Արևելք իմանալի, ում մասին ասում է Սողոմոն իմաստունը. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն»(Առակ. Լա 29-30):

Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

 

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի
երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն:

Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն
յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս:

Advertisements