Վայոց Ձորի թեմ

Այսօր Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրն է

Advertisements

Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում:

Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետները: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, որը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը:

Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ կան: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլար ուսմունքը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք… » հատվածը:

Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:

Նիկիական Հանգանակ

Հաւատամք ի մի Աստուած` ի Հայրն ամենակալ,

յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ` միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ` ծնունդ եւ ո՞չ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից` մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՞չ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով` նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք

Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՞չ գոյ վախճան:

Հաւատամք եւ ի սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն:

Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց` յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:

Նզովք

Իսկ որք ասեն` էր երբէմն յորժամ ո°չ էր Որդին, կամ էր երբեմն` յորժամ ո°չ էր սուրբ Հոգին. կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զսուրբ Հոգին. եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ եւ առաքելական սուրբ Եկեղեցի:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառաբանություն

Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Advertisements