ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Հայտարարություն. սեպտեմբերի 11-ին Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը (Թանահատի վանքից (Գլաձորի միջնադարյան համալսարանից) 2կմ արևելք), որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից:

Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Ինչպես ավանդվում է Հովհաննես   Դրասխանակերտցի   կաթողիկոս-պատմիչի,  Ասողիկի   և այլոց կողմից, երբ 7-րդ դարում Հերակլ Բյուզանդական կայսրը հաղթելով պարսիկներին և ազատելով Խոսրով արքայի կողմից գերեվարված խաչափայտը, իր բանակով անցնում է Հայոց աշխարհը։ Այստեղ նրան է ներկայանում Սյունյաց Բյուրեղ տիկինը, որը դեպի Պարսկաստան արշավանքից առաջ, Վասպուրականում Հերակլ կայսերը ընծայել էր հազար սաղավարտ, ոսկեկուռ զեն և հազար զրահ, և հանձնել էր 3.000 մարդուց բաղկացած մի գունդ։ Երբ Հերակլ կայսրը, ի նշան երախտիքի,  առաջարկում է կամ գանձ, կամ երկիր, Սյունյաց տիկինը խնդրեց Կենաց փայտից մի կտոր, որի մի մասն էլ ամփոփել է այստեղ։ Սուրբ Խաչը Հայաստանի նշանավոր ուխտագնացության վանքերից մեկն է եղել։ Նրա տոնը եղել է հոկտեմբերի 8-ին կամ 11-ին (Հավանաբար հին տոմարով է)։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Շնորհիվ այդ բանի, Արկազի Սուրբ Խաչ վանքը մշտապես իրեն է գրավել բազմահազար ուխտավորների, ոչ միայն շրջակա գյուղերից, այլև ուրիշ գավառներից ու քաղաքներից, նույնիսկ` արտասահմանից։

Վանքը նախկինում փոքր է եղել։ Նրա վերակառուցման նախաձեռնությունը 19-րդ դարի Վայոց ձորի նշանավոր քահանաներ մալիշկեցի ՏերԱռաքել ՏերԱստվածատրյանինը  և  Բաշքենդցի  (Վերնաշեն)   ՏերԱվագ Աբրահամյանինն   է,  1960-1964թթ.:  Այնուհետև  եկեղեցու վերաշինման հարցը իր ձեռքն է վերցրել Գևորգ Դ կաթողիկոսը։ Վերջապես վանքի վերաշինությունն ավարտվում է 1871թ. և հետևյալ 1872թ. աշնանը,  Սուրբ Խաչի տոնի օրը` հոկտեմբերի 10-ին, բազմահազար ուխտավորների ու հյուրերի ներկայությամբ օծվում է Գրիգոր եպիսկոպոս Գրիգոր Մուշեղյանցի կողմից  (Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ, էջ 270-271, Երևան -2003թ. )։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Եկեղեցին կառուցված է սրբատաշ ավազաքարից և իրենից ներկայացնում է  գմբեթավոր բազիլիկա. չորս մույթերը, որոնք, իրար են միանում կամարներով, իրենց վրա են կրում գմբեթը: Արևելյան մասում է գտնվում կիսաշրջանաձև խորանը և ավանդատները: Մուտքերը երեքն են՝ արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից:

Եկեղեցին շրջափակված է քարե պարիսպով, որի ներսում պահպանվել են վանականների և ուխտավորների համար նախատեսված սենյակները:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Արկազի վանքի հետ է կապված նաև Վայոց ձորի նորագույն պատմության շատ էջեր։ Վայոց ձորի հրամանատար Յապոնը, Հովհաննես Պարոնյանը Զանգեզուրից անցնելով Վայոց ձոր, իր շտաբը տեղավորեց Արկազի Սուրբ Խաչ վանքին կից սենյակներում և 1921թ. փետրվարի 16-17-ին այստեղից սկսեց ղեկավարել Վայոց ձորի ազատագրումը բոլշևիկներից։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Վանքի  վերջին վերանորոգությունը (ճարտ.` Անդրանիկ Սարգսյան) ավարտվել է  2011 թ.-ին`  բարերարությամբ    Վարդան    Հայրապետյանի  և  մեծ հանդիսավորությամբ վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝   Խաչվերացի  տոնի  օրը,  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին   Բ   Ամենայն  Հայոց  Կաթողիկոսի     ձեռամբ:

Վանքին կից ուխտավորների համար կառուցվել է նաև սեղանատուն և զանգակատուն:

Արկազի Սբ. Խաչը գործող եկեղեցի է:

Advertisements