Վայոց Ձորի թեմ

Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում

Advertisements

Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Տոնի օրը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Սեպտեմբերի 17-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի ՍբԽաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

ՀՀ Զիված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ N զորամասի զինծառայողներ ուխտագնացություն կազմակերպեցին Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցություն ունեցան Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին ու Անդաստանի կարգին:

Տոնի օրը մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի:

Հոգևորականաց դասի՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թովմա քհն. Անդրեասյանի, Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քհն. Արշակյանի, N զորամասի զինվորների, դպիրների, երգչախմբի անդամների, ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և Ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

Աշխարհի 4 կողմերը խորհրդանշող եկեղեցու 4 կողմերում 4 Ավետարանների ընթերցումից հետո հանդիսադիր Հայր Սուրբը, Խաչվերացի թափորի ծիսական արարողակարգի համաձայն, վարդաջրով ցողեց ներկա գտնվող հավատացյալներին:

Արարողության ավարտին Հոգեշնորհ Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, որից հետո Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին:

Պատմական Սուրբ Խաչ վանք ուխտի էին եկել Մալիշկա համայնքի «Հայք» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Դ. Մարտիրոսյան), ովքեր եկեղեցական արարողությունների ավարտին գեղեցիկ կատարումներով հանդես եկան եկեղեցու բակում:

Վերջում, ընդունված կարգի համաձայն, հավատացյալները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

Սբ. Խաչ վանքում հավաքված բազմաթիվ ուխտավորները, հաղորդակից լինելով հոգեպարար այս արարողություններին, ուր խաչված էին միմյանց քրիստոնեությունն ու մեր ազգային էությունը, մեծ խանդավառությամբ ու հոգեպես զորացած, Տիրոջ Խաչի զորությամբ լցված, Աստվածատուր օրհնությունը տարան իրենց ընտանեկան հարկից ներս:

Թող Սուրբ Խաչը խաղաղության մեջ պահի, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, Հայրենիքը մեր սրբազան և քաջարի ժողովրդին:

Թող Սուրբ Խաչ վանքը ի կատար ածի բոլոր ուխտավորների ուխտը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements