«Քարե ժապավեն կյանքի մասին » խորագրով լուսանկարների ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում


 

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) «Քարե ժապավեն կյանքի մասին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր պատկերասրահի աշխատակիցների ջանքերով։

Ցուցադրության ներկայացված լուսանկարների շարքը Վայոց ձորի տապանաքարերի, խաչքարերի և վիշապաքարերի ընտրանին էր, որոնք խոսում էին մեզ հետ՝ պատմելով մեր նախնյաց նիստուկացի, հավատալիքների, գաղափարների ու իրադարձությունների մասին: Այն ժամանակի և սերունդների ինքնատիպ մշակութային երկխոսություն էր։

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի վարիչ Գոհար Ավագյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Մելս Բաբայանը և հեղինակի դուստր Նանե Բագրատունին:

Էդուարդ Բագրատունին խոսեց խաչքարերի լուսանկարների հավաքածո ունենալու ցանկության սկզբնաղբյուրի (խաչիկցի տատիկի սերն ու խորը հավատը խաչքարերի զորության հանդեպ) մասին և շնորհակալություն հայտնեց պատկերասրահի աշխատակիցներին՝ այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Ցուհանդեսի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սան, ֆլեյտահար Ջեմմա Խալաթյանը և հեղինակի դստեր Ռաֆայելա Բագրատունու ղեկավարած «Ռաֆֆա» պարային համույթի սաները:

Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, մշակութային, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և մարզի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 28-ը:

 

 

Advertisements