«Գաթայի փառատոն»-ը Խաչիկ համայնքում


 

 Արդեն ավանդույթ է դարձել Խաչիկում մեծ հանդիսավորությամբ նշել «Գաթայի փառատոն»-ը, որն այս տարի տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին:

Փառատոնն սկսվեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի օրհնության խոսքով, որից հետո Հայր Սուրբն օրհնեց  տոնը խորհրդանշող գաթան:

Այս տարի գաթայի շառավիղը կազմում էր գրեթե 4 մետր, որը գրանցվեց Հայկական դյուցազնագրքում և հետագայում իր տեղը կգտնի Գինեսի գրքում:
Ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, ապա գյուղի օրհներգով սկսվեց բուն միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Խաչիկ համայնքի պարի համույթը և Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը (գեղ.  ղեկավար՝ Արսեն սարկավագ Մաթևոսյան, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Եղեգնաձորի համայնքապետարանի «Վայոց ձոր»  աշուղական  երգի   համույթը  (գեղ. ղեկավար՝ Սամվել Գրիգորյան), Զանգակատան «Էրգիր» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Սահակյան),  «Ակունք»  ազգագրական համույթը, Սահակ Սահակյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Լելյա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը և այլք:

Դեպի հրապարակ տանող ճանապարհի տաղավարներում ներկայացվում էին գյուղը խորհրդանշող հուշանվերներ, նկարներ և ճաշատեսակների նմուշներ, որոնցով համայնքի բնակիչները հյուրասիրում էին ներկաներին:

Ուրախալի է, որ այս տարի ևս համայնքի տոնին մասնակցում էին ոչ միայն մարզի տարածքից եկած հայորդիներ, այլև՝ Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից ժամանած բազմաթիվ մասնակիցներ, ովքեր հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ճանաչելու գյուղի ավանդույթները և մշակույթը /օղու թորում, արիշտայի պատրաստում, գաթայի պատրաստման արարողություն, գորգ գործելու ցուցադրություն, խնոցու թանի պատրաստում, այցելություն հին հողաշեն ու երդիկով տուն, ձիավարություն/:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ այցելություն էր կազմակերպել  Խաչիկ համայնք՝ մասնակցելու «Գաթայի փառատոն»-ին:

Փառատոնի ընթացքում տեղի բնակիչները հնարավորություն ստացան վաճառելու իրենց գյուղմթերքը: Փառաատոնը ուներ ռազմավարական նշանակություն՝ զարգացնելու համայնքը՝ որպես տուրիստական նոր ուղղություն:

Ողջ այս հանդիսությունը կազմակերպվել էր համայնքապետարանի, Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սրկ. Մաթևոսյանի, «Գնշիկ» հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանի և «Արենի գինու փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի  ջանքերով:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements