«Պատմամշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա միջոցառումների շարք Վայոց ձորի մարզում


Պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայությունը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ անցկացրին «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա միջոցառումների շարք:

Ծրագիրն իր մեջ ներառում էր դասընթացների կազմակերպում քոլեջում և Թանահատի վանական համալիրում, ինչպես նաև գործնական աշխատանքներ և Վայոց ձորի պատմամշակութային հուշարձանների մասին մասնակիցների գիտելիքների հարստացում:

Ընդգրկված էին քոլեջի 20 ուսանողներ: Միջոցառմանը մասնացում էին ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատողները՝ գլխավորությամբ ծառայության պետի՝ Մելանյա Դովլաթյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, քոլեջի դասախոսներ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոցթանգարանի աշխատողներ և ալլք:

Գրանցաթերթիկները լրացնելուց հետո մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը մասնակիցներին ծանոթացրեց հուշարձանների պահպանությունն իրականացնող կառույցներին, այդ բնագավառում գոյություն ունեցող առանձնահատկություններին ու խնդիրներին:

Այնուհետև ուղևորվեցին դեպի Թանահատի վանական համալիր:

Օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով իր խոսքում ասաց, որ պետք է տեր լինենք մեր արժեքներին, հուշարձաններին, որոնք շատ դժվարությամբ են պահպանվել, և մենք էլ դրանք պետք է պահենք, պահպանենք և փոխանցենք մեր հաջորդ սերունդներին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, ով իր շնորհակալությունը հայտնելով բոլոր մասնակիցներին՝ նշեց, որ այդպես են ընտելանում միմյանց մարդը և հուշարձանը, որ ուսանողների մի մասը, առաջին անգամ լինելով հուշարձանի տարածքում, արդեն իրեն հարազատ է զգում այդ վայրում, պարտավորված՝ պահելու, պահպանելու այն:

Այնուհետև տիկին Մելանյան ասաց, որ հուշարձանի պեղումների ժամանակ է  ծնվել Աշոտ Աբրահամյանի «Գլաձորի համալսարան» գիրքը:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանն էլ ասաց, որ պետք է ճանաչենք մեր մշակութային արժեքները, իսկ զբոսաշրջության տեսանկյունից պետք է իմանանք հուշարձանների պահպանման սկզբունքները և դրանց հասնելու երթուղիները:

Այնուհետև «Գլաձորի  համալսարան» պատմամշակութային արգելոցթանգարանի տնօրեն Բարիս Քոչարյանը ներկաներին ծանոթացրեց Գլաձորի համալսարանի պատմությանը, որից հետո բոլորն անցան գործնական աշխատանքի՝ մաքրելով հուշարձանների ներսը՝ ընդհուպ մինչև պատերի փոշին:

Սանիտարական-մաքրման աշխատանքներ կատարեցին համալսարանի ողջ տարածքում:

Ուշագրավ էր թափված քարերի տեղադրման, վերականգնողական աշխատանքների ընթացքում մասնակիցների ոգևորությունն ու նվիրվածությունը:

Աշխատանքներն ընդմիջում էին ազգային, հայրենասիրական պարերով: Պարում էին բոլորը՝ կարծես պարի մեջ էլ էին դնում իրենց հայրենասիրական ոգին…

Միջոցառման հաջորդ օրը մարզային ծառայության պետն անցկացրեց զրույց՝ «Հուշարձանների պահպանությունը և զբոսաշրջության զարգացումը» թեմայով:

Սովորեցին քարտեզից օգտվելու հմտություններ և մարզի քարտեզների վրա յուրաքանչյուրն առանձին-առանձին կատարեց զբոսաշրջության երթուղիների մշակման աշխատանքներ:

Ծրագրի երրորդ օրը քոլեջում մասնակիցների համար կազմակերպվեց «Ի՞նչ գիտեմ Վայոց ձորի հուշարձանների մասին» մրցույթ, որտեղ զարմանալիորեն զգացվեց բոլոր մասնակիցների պատասխանատվության բարձր զգացումը: Այնքան հետաքրքիր անցավ մրցույթը, որ դժվար էր առանձնացնել լավագույններին:

«Պատմամշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա միջոցառումն ամփոփեցին  քոլեջի բոլոր ուսանողների ներկայությամբ: Երախտիքի և շնորհակալական խոսք ասացին քոլեջի փոխտնօրեն Խաչանուշ Սարգսյանը և ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:

Վերջում ծրագրի բոլոր մասնակիցներին մարզային ծառայության կողմից տրվեց շնորհակալագրեր:

Սիրան  Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements