Վայոց Ձորի թեմ

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին

Advertisements

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն ՍրբոյԱմէն:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

(Առակներ 1:2)

 Այս խոսքերը մեր շուրթերից հնչեցին շատ դարեր առաջ, իբրեւ հայատառ առաջին նախադասություն, իբրեւ մեր սրբացած թարգմանիչ վարդապետների    առաջին հայերեն թարգմանություն:

Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցով ոգեկոչում ենք խնկելի հիշատակը նրանց:

Մեծ է Սրբոց թարգմանչաց գործի խորհուրդը: Այդ խորհրդով մենք առաջնորդվեցինք դեպի քաղաքակրթություն, եւ ազդարարվեց մեր մուտքը քրիստոնեական մշակույթ: Այդ խորհրդով մենք ունեցանք հայատառ ու հայալեզու Աստվածաշունչ մատյանը, այդ խորհուրդն ուղեկցեց մեզ դարեր ի վեր:

Ե դարում հայ ժողովուրդը փառավորվեց Սուրբ Մաշտոցի հանճարեղ գյուտով: Հայի միտքն ու հոգին, որից մեր մշակույթի ու գրականության զարմանահրաշ գանձերը պիտի ծնվեին, այդուհետ փայլատակելու էր հայերեն:

Սեփական գիրն ունենալու ձգտումն այլեւս դարձել էր հոգու պահանջ, ժամանակի թելադրանք ու անհրաժեշտ նախապայման՝ իրականացնելու համար սեփական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի դարավոր իղձը: Այո՛, բազում արհավիրքներ ու ալեկոծություններ ապրած հայ ժողովրդի կյանքում եղել են նաեւ լուսավոր շողարձակումներ: Բազմադարյան մեր պատմության ընթացքում ծնվել են բացառիկ մարդիկ, եղել են դեպքեր ու իրադարձություններ, որոնք կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի օգուտ մեզ: Այդբացառիկներից էր  Մեսրոպ  Մաշտոցը՝   իր  հանճարեղ  գյուտով:

5-րդ դարի սկզբին (405- 406 թթ.) ստեղծված հայոց գիրը ոչ միայն մեր ժողովրդի ֆիզիկական գոյության առհավատչյան էր, այլ նաեւ նրա ոգեկերտումի  և իբրև ժողովուրդ ինքնահաստատման անջնջելի վկայագիրը: Քրիստոնեությունը պետականորեն ընդունած ժողովուրդը պետք է ստեղծեր նոր մշակույթ՝ անհատական իր դիմագծով, իր հանճարին արժանի, ժամանակին համահունչ: Պետք էր պայքարել օտարամուտ եւ այլադավան ներմուծումների եւ ազդեցությունների դեմ, պետք էր Աստծու գիրն ու պատգամը կարդալ սեփական լեզվով, պետք էր աղոթել հայերեն… Դա էր ժամանակի եւ հոգու պահանջը:

Իսկ ժամանակաշրջանը մեզ համար կրկին օրհասական էր: Հայաստանը կռվախնձոր էր դարձել Հռոմի ու Տիզբոնի միջեւ: Քրիստոնյա մեր ժողովուրդը, չունենալով սեփական գիր, չուներ նաեւ հոգեւոր ու աշխարհիկ անկախ իշխանություն:

Մի կողմից հույները, մյուս կողմից ասորիները իրենց ձեռքում էին պահում հոգեւոր իշխանությանը՝ հայոց տաճարներում ծեսն ու հոգեւոր արարողություններն իրենց լեզուներով անցկացնելով: Թուլանում էր նաեւ երկթի պետական իշխանությունը, որի դիմաց կանգնած էր հզոր Պարսկաստանը:

Ահա այդպիսի տագնապալից օրեր էր ապրում Հայաստանը, երբ Մեսրոպ վարդապետը, Տիրոջ նախախնամությամբ եւ Սուրբ Հոգու շնորհներն ստանալով, ստեղծեց հայոց այբուբենը:

Խռովված էր աստվածապաշտ ու հայրենասեր վարդապետի սիրտն ու հոգին, որոնք հուշում էին նրան ճշմարտությունը, հայոց գիրն է հանդիսանալու հայապահպանման հզոր կռվանը մեր պատմության դրամատիկ այդ ժամանակաշրջանում: Մ. Մաշտոցի հանճարեղ գյուտը ոչ միայն ժողովրդին փրկեց ֆիզիկական ոչնչացումից, այլեւ հոգեբանական հզոր ազդակ հանդիսացավ մեզ համար՝ ներշնչելով ազգային գիտակցության, արժանապատվության ոգին, ինքնահաստատման մղելով մեզ իբրեւ ազգ, իբրեւ ժողովուրդ:

Հայոց գրերի գյուտը արժեւորվեց մի այլ մեծ իրադարձությամբ: Թարգմանիչ վարդապետների կողմից սկսվեցին թարգմանվել համաշխարհային գրականության ու հոգեւոր մշակույթի գանձերը, հայատառ ու հայագիր գրականության սկիզբը դրվեց: Հայատառ առաջին թարգմանությունը Աստվածաշունչ մատյանն էր, որն իրավամբ հետագայում համարվեց «Թագուհի  թարգմանութեանց»:

Ընտրությունը պատահական չէր: Քրիստոնյա հայ ժողովրդի համար հոգու պահանջ էր ընթերցել Սուրբ Գիրքը սեփական լեզվով:

Հայերեն թարգմանված Աստվածաշունչ մատյանը ոչ միայն չէր զիջում բնագրին, այլեւ յուրօրինակ իր հմայքով ու գեղեցկությամբ էր ներկայանում հայ ընթերցողին: Սրբացած թարգմանիչ վարդապետներն իրենց հանճարեղ թարգմանության էջերում անմահացրել էին նաեւ իրենց անանց սերն ու գնահատանքը հանդեպ ամենազոր Տերն ու առաքելահաստատ Եկեղեցին՝ Աստծու խոսքն առավել լսելի եւ գիրն էլ տեսանելի դարձնելով հայ հավատացյալին: Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունը, անշուշտ, մեծ իրադարձություն էր, որն ավելի պիտի սերտացներ քրիստոնյա հայի  կապվածությունը Մայր Եկեղեցունառավել դյուրին դարձներ հաղորդակցությունը  Աստծու   հետ,     ամրացներ նվիրումն ու սերը հանդեպ իր հավատը:

Թարգմանիչ վարդապետների գործը արժեւորվեց դարեդար, որովհետեւ հոգի դնելով Սուրբ Գրքի թարգմանված էջերում, նրանք կարողացան նրա ոգին թարգմանել ու փոխանցել մեզ՝ հայ հավատացյալներիս: Այդպես մեզ փոխանցվեց նաեւ Աստծու խոսքի զորությունն ու ուժը: Այստեղ պետք է փնտրել Ս. Մաշտոցի եւ թարգմանիչ վարդապետների մեծ գործի հավիտենական արժեքն ու կարևորությունը:

Սիրելի՛ հավատացյալներ, համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ, այսօր էլ թերթելով Սուրբ Գիրքը, ամենօրյա աղոթքով ու ընթերցանությամբ հաղորդակցվելով Աստծու հետ, զգալով այդ զարմանահրաշ գրքի զորությունն ու ուժը, ակամա տեղափոխվում է մեր մշակույթի ոսկեդարը, երբ ապրում ու ստեղծագործում էին մեր հարատեւության իրողությանը հավատացող, անկախ Հայաստանի եւ Հայոց եկեղեցու ծաղկման տեսիլքով ապրող սրբասուրբ հոգևոր մեր հայրերը, որոնք լավ գիտեին այդ ամենին հասնելու ճիշտ ուղին, որը դեպի Տերը տանող ուղին է:

Այդ ուղին մեկն էր եւ դրանով կարելի էր առաջնորդվել՝ հաստատուն, անսասան պահելով քրիստոնյա ոգին, ապրել Սուրբ Գրքի աստվածահաստատ պատգամներով, անդավաճան սիրով նվիրվելով եկեղեցուն, որն, իրոք, ազգակործան մրրիկներից անգամ կարողացավ փրկել անպետություն ու անհայրենիք դարձած ժողովրդին: Ինչպես ժողովուրդը կասեր, այն եւ հայր եղավ, եւ մայր՝ հաճախ բախտի քմահաճույքին հանձնված անպաշտպան ժողովրդին, գուրգուրեց ու սիրեց նրան, ինչպես հարազատ զավակին: Իսկ հայ մարդը, հնարավորություն ունենալով մայրենի լեզվով կարդալ Աստվածաշունչ մատյանը, ոգեղեն մեծ ուժ ստացավ, համոզվելով, որ ինքն այլ կերպ չի կարող ապրել: Իր հավատքը քրիստոնեությունն է, իր հայրենիքը՝ Հայաստանը, իր սերը՝ Հիսուս:

Եվ այդ ուժն էր, որ պահեց մեզ դարեդար, այդ հավատն էր, որ առաջնորդեց մեզ նաեւ գալիքում, մինչեւ այսօր, երբ ունեցանք անկախ հայրենիք եւ հզոր եկեղեցի: Խունկ ու աղոթք մեր եկեղեցու կողմից սրբացած Մաշտոցի եւ թարգմանիչ վարդապետների հիշատակին, որոնք մեզ պարգեւեցին քրիստոնյայի անեղծ ոգին, մարդու արժանապատվությունն ու հավատն իր ապագայի հանդեպ: Ամեն:

Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան
Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements