Վայոց Ձորի թեմ

Ուխտագնացություն Մարտիրոսի Ս. Աստվածածին եկեղեցի

Advertisements

 Հոկտեմբերի 29-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու հավատացյալները, կանանաց և երիտասարդաց միության անդամները` շուրջ 65 հոգի, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Մարտիրոսի Ս. Աստվածածին եկեղեցի և Մարտիրոս գյուղի Վիմափոր եկեղեցի /13-րդ դար/, որն ամբողջապես փորված է ձորի քարափի մեջ:

Այս ուխտագնացությունը մեզ` Ս. Գայանե եկեղեցու հետևորդներիս համար կարծես վերածվել է հրաշալի ավանդույթի: Ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգևոր դաստիարակման լավագույն միջոցառումներից է, որը դեպի հոգևոր վերածնունդ տանող ճանապարհն է:

Մենք մեր աղոթքներով հաղորդակից եղանք Աստծու և սրբությունների հետ, հագեցնելով ոչ միայն մեր հոգեկան ծարավը, այլև զորություն ստանալով Սուրբ վայրից` դիմակայելու գալիք փորձություններին:

Ս. Աստվածածին եկեղեցում Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ և իր քարոզում հորդորեց ուխտավորներիս՝ լինել համախմբված, սիրով` մեկս մյուսի հանդեպ, աղոթք բարձրացնել առ Աստված մեր երկրի սահմանների խաղաղության և բոլորիս ընտանիքների բարօրրության համար: Եվ որպեսզի հաջորդ տարիներին  ուխտավորների թիվը կրկնապատկվի և եռապատկվի, այդ պատճառով Տեր Հայրը կատարեց մատաղի արարողակարգ, օրհնեց սնունդը. ճաշից հետո շարժվեցինք Մարտիրոս գյուղի` քարափի մեջ փորված եկեղեցի, որտեղ կատարվեց երեկոյան ժամերգություն:

Համարելով մեր ուխտը  կատարված՝ վերադարձանք Ջերմուկ՝ հայտարարելով այս տարվա ուխտագնացությունների ավարտը և փայփայելով հաջորդ տարում նորանոր սրբավայրեր ուխտի գնալու հույսը:

Անահիտ Եղիազարյան

 

Advertisements