Վայոց Ձորի թեմ

Վայքում մեծ հանդիսավորությամբ բացվեց ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար. բացումը կատարեցին հերոսների մայրերը

Advertisements

Նոյեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Վայքի զորամասի հարևանությամբ, մեծ հանդիսավորությամբ բացվեց 2016 թվականի ապրիլյան հերոսամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար, որտեղ ամփոփված են անմահների անունները:

Միջոցառմանը ներկա էին հերոս զինվորների ընտանիքի անդամներ Հայաստանի ողջ տարածքից, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երկրապահ կամավորական միության մեծ թվով անդամներ և վեդեցիներ:

Հուշահամալիրի կառուցման գաղափարը Վայքի ավագանու անդամ Վահե Թադևոսյանինն է: Վերջինս իր անձնական միջոցներից էլ հենց տրամադրել է աշխատանքների իրականացման և մյուս ծախսերը հոգալու համար:

Հուշահամալիրն օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը:

Հուշարձանի տեղադրումը նպատակ ունի հավերժացնելու հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը:

Հուշաքարը խաչի և թրի միաձուլում է և խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիներին:

Հուշարձանի բացումը կատարեցին հերոսների մայրերը, որից հետո հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի մոտ:

Միջոցառմանը շնորհակալագրեր հանձնվեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զինվորների ընտանիքի անդամներին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Աղբյուր՝  http://m.shamshyan.com/hy/article/2017/11/01/1081225/

 

Advertisements