Դեկտեմբերի 4-ին և 5-ին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի նախաձեռնությամբ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում և Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոցում տեղի ունեցան բանավեճ – քննարկումներ՝ «Սեր» և «Պատասխանատվություն» թեմաներով:
Բանավեճ – քննարկումներին ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը և Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը:
Բանավեճի կանոների համաձայն՝ մասնակիցները բաժանվեցին երկու թիմի՝ (կողմ) և (դեմ) դիրքորոշմամբ: Թիմերը նախ ներկայացրին իրենց դիրքորոշումը թեմաների վերաբերյալ, այնուհետև անցան հարց ու պատասխանի:
Շատ ակտիվ բանավեճ ծավալվեց, թիմերը առավելագույնս փորձում էին ծանրակշիռ փաստարկներ բերել իրենց դիրքորոշման վերաբերյալ:
Հանդիպումների արդյունքներն ամփոփելիս հանգեցինք այն համոզման, որ բանավեճերը շատ արդյունավետ են քննադատական ու վերլուծական մտածողության զարգացման տեսանկյունից: Եվ քանի որ այսօր շատ կարևոր է ունենալ երիտասարդություն, որը հանգիստ և անկաշկանդ կարող է արտահայտել իր սեփական կարծիքն ու վերաբերմունքն այս կամ այն թեմայի վերաբերյալ, ուստի որոշվեց, որ նմանատիպ բանավեճ-քննարկումներ կկազմակերպվեն և կիրականացվեն նաև 2018 թվականին:
Երիտասարդաց միություն