Վայոց Ձորի թեմ

«Հնարավոր չէ ամեն ինչ ունենալ. հետեւաբար, պետք է բավարարվել եղածով»

Եղեգնաձորի սբ. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին քաղաքում բոլորը ճանաչում են:

Միջահասակ, ժպտերես, բարի աչքերով քահանային Եղեգնաձորի բնակիչները բնութագրում են այսպես․ «Մեծերի հետ մեծ, մանկան հետ՝ որպես մանուկ»: 

Իր քահանա դառնալը Տեր Վազգենը կապում է Աստծո նախախնամության հետ.

«Պիտի ասեմ, որ քահանա դառնալու որոշումը աստվածային նախախնամության ծագում ունի: Ծնողներս՝ տատիկիցս սկսած, աշխատել են եկեղեցում: Մեր տունը եկեղեցու հարեւանությամբ էր, սերտ կապված էինք եկեղեցու հետ, նույնիսկ այն ժամանակից սկսած, երբ Եղեգնաձորում եկեղեցին չէր գործում՝ որպես Աստծո տուն: Բայց երբ սկսեց գործել, մոտավորապես 25 տարի առաջ, հենց այդ ժամանակ էլ հոգեւորականերից մեկն ինձ ընդգրկեց կատարվող արարողություններում: Հենց այստեղից էլ սկսվեց ամեն ինչ․ դառնա՞լ հոգեւորական, թե՞ ոչ, որոշվեց ավելի ուշ, դառնալ, թե՞ չդառնալ, կանգնե՞լ, թե՞ չկանգնել այդ ճանապարհին որոշման մեջ էի, սակայն Աստծո նախախնամությունն օգնեց ինձ գնալ այդ ճանապարհով»,-պատմում է նա:

Դպրոցն ավարտելուց հետո Տեր Վազգենը 1996 թվականին ընդունվել է Գեւորգյան ճեմարան, ավարտել՝ 2002-ին: 2005-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ճեմարան եւ ստացել աստվածագիտական գիտությունների թեկնածուի աստիճան:

Հոգեւոր հայր նշանակվելու երկարաձգվող ճանապարհը քահանան եւս համարում է Աստծո նախախնամություն: «Եղեգնաձորում ծառայության նշանակվելը… այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է Աստված մեզ ուղղորդում եւ մեզ տալիս է այն, ինչ պետք է, մեզ դնում այնտեղ, որտեղ հարկավոր է: Ճեմարանն ավարտելուց հետո ընկերներիցս շատերը 1-2 տարի հետո ձեռնադրվեցին քահանաներ, անցան ծառայության, բնականաբար, ինձ մոտ էլ կար այդ ցանկությունը: Սակայն 8 տարի ծառայեցի որպես սարկավագ: Հետո Եղեգնաձորում նշանակվելն այնքան արագ ստացվեց, հասկացա, որ այդ 8 տարին, կարծես, ձգվում էր նրա համար, որ ես հայտնվեի Եղեգնաձորում: Նշանակվելը ճիշտ այն պահին էր, երբ Եղեգնաձորը հոգեւորականի կարիք ուներ: Տարբեր տեղափոխությունների հետեւանքով Եղեգնաձորը մնացել էր առանց հոգեւորական: Հետաքրքիրն այն էր, թե ինչպես է մեր կյանքն առաջնորդվում եւ հայտվում ենք այնտեղ, որտեղ մեր կարիքը կա, որտեղ պետք է լինեինք: Ճիշտ է՝սկզբում մտավախություն կար, որ ինչ որ բան չի ստացվի, սակայն ամեն ինչ իր տեղը ընկավ»,-ասում է նա:

Տեր Վազգենը միշտ կանգնած է կարիքավորի կողքին, ակտիվորեն մասնակցում է մարզում իրականացվող բարեգործական ծրագրերին:

«Մարդկանց կյանքում դժվարություններ միշտ էլ լինում են, առհասարակ դրանք կապված են տվյալ ժամանակաշրջանի հետաքրքրությունների հետ: Սակայն պահանջներն ու հետաքրքրությունները մի փոքր արհեստական շատ ավելի են, եւ բնականաբար, երբ մարդը երբեմն գիտակցաբար, երբեմն անգիտակցաբար մտնում է մրցակցության մեջ եւ չունի հոգեւոր պատրաստվածություն, նա կարող է ամեն ինչ կորցնել, ինչո՞ւ․ որովհետեւ, երբ որոշում ենք նյութական արժեքներ չափել, նյութական արժեքները սահմաններ չունեն: Հետեւաբար, երբ մարդը մտնում է մրցակցության մեջ եւ սահմաններ չի դնում իր առաջ, ապա կորցնում է ամեն ինչ: Մեր շրջապատում էլ ունենք նմանատիպ բազմաթիվ օրինակներ, դրա համար էլ ասում են. «Մարդն իր ոտքերը պետք է իր վերմակին համապատասխան պարզի»: Կարեւոր է մի բան՝ յուրաքանչյուր ոք պետք է հիշի եւ իմանա՝ հնարավոր չէ ամեն ինչ ունենալ, հետեւաբար, պետք է բավարարվել եղածով: Աստվածաշնչի եւ հոգեւորականության պատգամը դրանում է` եղածը գնահատել: Հիսուսն ասում է․ «Եթե դու քոնին տեր չես կանգնում, ո՞վ պետք է քեզ շատը տա»:

Տեր Վազգենը կյանքի բոլոր դժվարությունները կապում է ընչաքաղցության հետ:

Քահանան զբաղվում է նաեւ նկարչությամբ ու լուսանկարչությամբ, սիրում է այցելել պատմական եկեղեցիներ, հիանալ հուշակոթողներով եւ մշակութային, հոգեւոր արժեքներով:

«Ես լուսանկարում եմ հուշակոթողներ, եկեղեցիներ եւ այն ամենը, ինչը գեղեցիկ է իմ աչքին»,-նշում է նա:

Սիրված եւ ընդունված․ այսպիսին է Եղեգնաձորի բնակչության համար սբ․ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հայրը:

Դիանա Մինասյան

Աղբյուրը` www.asparez.am