ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ


Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ.

 Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս

Սուրբ ԾնունդՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Հիսուս  Քրիստոսի  Սուրբ  Ծնունդը,  Աստվածահայտնությունը  և  Մկրտությունը։  Աստվածահայտնություն նշանակում է Աստծո հայտնվելը: Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը: Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ  Հիսուսը  Հովհաննես  Մկրտչից  Հորդանան  գետում  մկրտվեց  30 տարեկանում,  հունվարի 6-ին:
Ըստ Հայոց Եկեղեցու` Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սբ.  Ծննդյան  Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սբ. Ծննդյան ավետիսը:Ճրագալույց

Ճրագալույց  նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Սբ. Ծննդյան Պատարագից հետո կատարվում է   Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի Մկրտությունը: Խաչով, Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: