Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում


Հունվարի 6-ին  տոնում ենք Հիսուս Քրիստոսի  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը և միմյանց ավետիս են տալիս` ասելով.<<Քրիստոս ծնավ և հայտնեցավ>>, որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի>>:

Տոնի օրը  Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագը և իր խոսքում հորդորեց բոլոր հավատացյալներին.  «Երբեք չմոռանալ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհուրդն ու նպատակը: Եվ եկեղեցուց դուրս գալ` նորոգված հոգով ու հավատով>>:

Պատարագիչ  Տեր Հայրը  Ս. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի պատգամը:

Ս. Պատարագին ներկա էին խաչքավոր Արկադիկ Մկրտչյանը և բազմաթիվ ջերմուկցիներ:

Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի:  Քահանան խաչը ջուրը մտցնելով` խնդրում է Տիրոջը, որ Նա օրհնի ու սրբի ջուրը և նրա մեջ դնի Սուրբ Հոգու բժշկության և չար զորությունների դեմ հաղթության շնորհները՝ այն օգտակար դարձնելով տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամենայն այլ կարիքների համար:

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:

Անահիտ Եղիազարյան