Ս. Ծննդյան Սրբազան արարողությունները Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սև Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Ս. Պատարագի ընթացքում քարոզ խոսեց   Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության խորհրդի և մարդկային կյանքում նրա նշանակության մասին:

Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո պատարագիչ Տեր Հայրը Տիրոջ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության ավետիսը, եկեղեցու Ավագ խորանից լույսը փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որպեսզի իրենց հարկերը պայծառացնեն Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր և կենդանարար լույսով:

Հունվարի 6-ին՝ Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց և ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

2018թՍՏրդատ եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ Հակոբ Հակոբյանը:
Ծիսակատարության ավարտին Խաչը Տեր Հոր կողմից հանձնվեց խաչքավորին, ով, կարգի համաձայն, Ջրօրհնյաց Խաչը իր օջախում 40 օր պահելու պատվին արժանացավ:

Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, Ս. Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Ս. Պատարագ և Հոգեհանգստյան կարգ:

 

 

 

Advertisements