Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը


Այսօր՝ հունվարի 12-ին, Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներից նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակում ծառայող իրենց զինակից եղբայր-զինվորների շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու միջոցառումները կազմակերպվեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցիներում:

Եղեգնաձորում նրանց բարեմաղթանքի խոսքեր, բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում՝ մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Բարեմաղթանքի ջերմ խոսքեր են հնչեցրել նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, տարածքային զինկոմիսարները, համայնքի ղեկավարներ և վետերաններ: Զինակոչիկների անվտանգության համար առ Աստված օրհնության խոսք են ուղղել Եղեգնաձորի Սուրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Միջոցառման ավարտին տղաներն ստացել են նվերներ՝ խաչեր և աղոթագրքեր:

2018 թվականի առաջին զորակոչին Հայոց բանակ մեկնող վայոցձորցի նորակոչիկների հիշողություններում դեռ երկար ժամանակ արձագանքելու են հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչած բարեմաղթանքի ջերմ խոսքերը, ճանապարհողների հուզախառն ժպիտները և հայրենասիրական ու ազգագրական երգ-երաժշտության ուրախ հնչյունները:
Մենք նույնպես միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և կրկին մաղթում՝ մեր երկրի սահմաններին խաղաղություն, հայ զինվորին, այդ թվում նաև 2018 թվականի զորակոչի բոլոր նորակոչիկներին անվտանգ ու բարի ծառայություն:

Աղբյուրը`  http://vdzor.mtad.am/