«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով
աշխարհին խաչված Սուրբ Սարգիս, պսակված Տիրոջ
հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս
մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է
փառք, իշխանություն և պատիվ»:
Ըստ ավանդության՝ Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 14 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեական հավատքի: Հետագայում Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:
Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Սբ. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սբ. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, ով ամրացնում է զույգերի միջեւ եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկ ընտանիք: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազահայտնությունը:
Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սբ. Սարգիս Զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը, որը տևում է հինգ օր: Ժողովրդի պատկերացմամբ Սուրբ Զորավարը ունի գեղեցիկ արտաքին, ոսկե սաղավարտ ու սպառազինություն, մտքի պես արագ հայտնվում է իր լուսաշող ձիով, երբ նեղության մեջ նրան են կանչում: