Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն Եղեգնաձորում


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը:
Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի թեմի, մարզային իշխանությունների,  Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցներ ու բազմաթիվ հավատացյալներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ և հանդես եկավ տոնի խորհուրդը  քարոզող հայրական խոսքով:

Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը,  որի շուրջ ազգային երգերի կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները:

Այնուհետև ներկաները Ս. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին և Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի «Արագիլ» կինոթատրոնի բակ: Այստեղ  նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը:  Ողջույնի խոսքով կրկին հանդես եկավ Տեր  Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

«Արագիլ» կինոթատրոնի բակում շարունակվեց միջոցառման մշակութային հանդիսության մասը, որն իրականացվեց  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ (318.500 դրամ) և   Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի  նախաձեռնությամբ:

Տոնակատարության ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Ագարակաձոր» (գեղ. ղեկավար՝ Խ. Բաբայան) ազգագրական պարի համույթը, Եղեգնաձորի մշակույթի տան դհոլահարների համույթի սաները (գեղ. ղեկ.՝ Անդրանիկ Հարությունյան), «Բողբոջ» պարի համույթը (գեղ. ղեկ՝ Վերգինե Վանյան), «Արմենյան» մանկական երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան) և անհատ կատարողներ Կամո Գալստյանը, Նարեկ Կարախանյանը, Ռոզա Ալոյանը, Անահիտ Գևորգյանը, Մհեր Մհերյանը և այլք:

Ներկայացվեց Տյառնընդառաջը՝ որպես ամենասիրված և ամենապրող ազգային տոներից մեկը, ինչպես նաև Տյառնընդառաջի խորհուրդն  ու տոնի հետ կապված տարբեր տեղեկություններ:

Միջոցառման ընթացքում ազգագրական պարի խմբի սաները ներկաներին մատուցեցին աղանդերներ և տոնին հատուկ  ուտեստներ:

Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագ:

Սբ. Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Տյառնընդառաջի խորհուրդը:

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Նորապսակների օրհնության կարգ` մաղթելով նորապսակներին՝  փոխըմբնման ու սիրո հիմքով ընտանիք, որպես ամուր պետականություն  ունենալու հիմնաքար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

 

Advertisements