«Ազգային ծեսերը Վայոց ձորում» խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում


2018թ. փետրվարի 12-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ “Ազգային ծեսերը Վայոց ձորում”  խորագրով միջոցառում, որն սկսվեց Տերունական աղոթքով:

Միջոցառման անմիջական աջակիցն էր Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայությունը՝ ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը  հրավիրված  էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը,  մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և այլք:

  • …Վայոց ձորում կան մի քանի հազարամյակների պատմություն ունեցող դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցներ, բերդեր, գյուղատեղիներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, խաչքարեր ու աշխարհիկ կառույցներ, որոնք ունեն մշակութային անգնահատելի արժեքներ, – սկսեցին հանդեսը վարողները
  • Սակայն հուշարձան համարվում են ոչ միայն քարեղեն ապացույցները, այլև մշակութային այնպիսի սովորույթներ, որոնք նույնպես համարվում են մեր ազգի մշակութային սեփականությունը:
  • Այդպիսին են բոլոր այն ծեսերը, որոնք մեզ են հասել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից:

Միջոցառումը բաղկացած էր 3 բաժնից.

Առաջին բաժինը վերաբերում էր  Սուրբ Ծնունդին և Աստվածահայտնությանը, երկրորդ բաժնում  ներկայացրին Ամենահաս Սուրբ Սարգսի  տոնը և երրորդ բաժինը նվիրված էր Տյառնընդառաջին:

Դպրոցի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների շնորհալի աշակերտները մեծ ոգևորությամբ մանրամասն ներկայացրին վերոհիշյալ տոների մասին, ինչպես նաև  հանդես եկան տոներին վերաբերող ժողովրդական  երգերով, ազգային պարերով, ժողովրդական  աղոթքներով, խաղիկներով, սովորույթներով և գեղեցիկ, յուրօրինակ դասական պարերով :

Հնչեցին Վահան Թեքեյանի ստեղծագործություններից:

Ծեսերին նվիրված տոնական հանդիսությունը կազմակերպվել էր 3-րդ դասարանի դասվար Սեդա Մելքոնյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյանի և “Ազգային երգ ու պար” առարկայի ուսուցչուհի Անուշ Կարապետյանի ջանքերով:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, դպրոցի փոխտնօրեն Սարգիս Իսրայելյանը, ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը, 5-րդ դասարանի դասղեկ Աշխեն Իսրայելյանը, 3-րդ և 5-րդ դասարանների աշակերտների ծնողները, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ Վազգեն Գալստյանը, Կարեն Գալստյանը և Մհեր Բաբայանը:

Միջոցառման կազմակերպիչները և աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը՝ դահլիճը զարդարված էր  տոներին համապատասխան պաստառներով, իսկ 3-րդ և 5-րդ դասարանների աշակերտները պատրաստել էին ուտեստներով ձևավորված սեղաններ, որոնք միջոցառման ավարտին գնահատվեց ժյուրիի կողմից:

Միջոցառման ավարտին խրախուսանքի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին:

Այնուհետև օրհնության հարուստ խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց բոլոր կազմակերպիչներին, աշակերտներին, ինչպես նաև հորդորեց, որ մեր ազգային մշակույթը պահենք, պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ   տիկին Դովլաթյանը: Նա  ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության անունից իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրինությանը, բոլոր կազմակերպիչներին, ապա դպրոցին նվիրեց Գառնիի պատկերով հուշանվեր:  Գնահատելով  երեխաների պատրաստած գեղեցիկ, յուրօրինակ և ազգային ծեսերին նվիրված ուտեստներով ձևավորված սեղանները՝ ասաց, որ աշակերտներն այնքան գեղեցիկ էին պատրաստել ամեն ինչը, որ 2 դասարաններն էլ ժյուրիի կողմից արժանացան առաջին պատվավոր տեղին: Տիկին Դովլաթյանը երկու դասարաններին էլ գավաթներ նվիրեց:

Տոնական միջոցառումը եզրափակվեց ավանդական “Քոչարի”- ով:

Վերջում աշակերտները միջոցառման բոլոր մասնակիցներին բաժանեցին յուրօրինակ ձևավորումներով քաղցրաբլիթներ և աղանդերներ:

Միջոցառման ավարտին բոլոր ներկաները շնորհակալության և գնահատանքի բազմաթիվ խոսքեր ասացին միջոցառման կազմակերպիչներին՝ ինքնատիպ, յուրօրինակ միջոցառման և հաճելի ակնթարթներ պարգևելու համար:

Նյութը՝ Սիրան Սարգսյանի
 Լուսանկարները՝ Սիրան Սարգսյանի
և Լիպարիտ Ասատրյանի