Բանախոսություն «Հայ Եկեղեցին և Հայոց հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ


Մարտի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Հայ Եկեղեցին և Հայոց Հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների թեկնածու՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հերթական բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:

Տեր Վազգենը նախ անդրադարձավ իր կողմից հեղինակած «Հայ Եկեղեցին և Հայոց Հայրապետները 20-րդ դարում» գրքի ստեղծման պատմությանը, որը սկզբնական շրջանում «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները Ռուսաստանի և Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ» վերնագրով եղել է Սանկտ Պետերբուրգի Հոգևոր ակադեմիայում իր կողմից պաշտպանած թեկնածուական աշխատանքը: Վերջին երկու տարիներին ռուս և հայ քրիստոնյա ընթերցողին հնարավորություն ընձեռնվեց «Հայ Եկեղեցին և Հայոց հայրապետները 20-րդ դարում» գրքի շնորհիվ ծանոթանալու Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության ծանր ժամանակաշրջաններից մեկին:

Բանախոսության ընթացքում Տեր Հայրն այդ ծանր դարաշրջանին անդրադարձավ՝ ըստ Հայոց կաթողիկոսների առաջնորդության ժամանակաշրջանների: «Ի համեմատություն նախորդ դարաշրջանների՝ 20-րդ դարը Հայ եկեղեցու համար եղել է ամենածանրը իր հետևանքներով: Միայն Հայոց ցեղասպանության ժամանակ չորս հազար հոգևորականներ կոտորվեցին, մեր հիմնական վանքերը, որ Արևմտյան Հայաստանում էին, ավերվեցին, բազմաթիվ ձեռագիր մատյաններ ոչնչացվեցին: Վիճակը ծանր էր նաև ռուսական կայսրության, այնուհետև Խորհրդային միության ներքո գտնվող Արևելյան Հայաստանի համար, ամեն ինչ արվում էր, որպեսզի ճնշվեին ազգային բոլոր դրսևորումները: Դպրոցներում կատեգորիկ արգելվում էր դասավանդել Հայաստանի պատմության և աշխարհագրության առարկաները, քանի որ դրանք կարող էին հայերի մեջ պետականության վերականգնման երազանքներ առաջացնել»,- ասաց Տեր Հայրը: Continue reading