Վայոց Ձորի թեմ

Բանախոսություն «Հայ Եկեղեցին և Հայոց հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ

Մարտի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Հայ Եկեղեցին և Հայոց Հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների թեկնածու՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հերթական բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:

Տեր Վազգենը նախ անդրադարձավ իր կողմից հեղինակած «Հայ Եկեղեցին և Հայոց Հայրապետները 20-րդ դարում» գրքի ստեղծման պատմությանը, որը սկզբնական շրջանում «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները Ռուսաստանի և Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ» վերնագրով եղել է Սանկտ Պետերբուրգի Հոգևոր ակադեմիայում իր կողմից պաշտպանած թեկնածուական աշխատանքը: Վերջին երկու տարիներին ռուս և հայ քրիստոնյա ընթերցողին հնարավորություն ընձեռնվեց «Հայ Եկեղեցին և Հայոց հայրապետները 20-րդ դարում» գրքի շնորհիվ ծանոթանալու Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության ծանր ժամանակաշրջաններից մեկին:

Բանախոսության ընթացքում Տեր Հայրն այդ ծանր դարաշրջանին անդրադարձավ՝ ըստ Հայոց կաթողիկոսների առաջնորդության ժամանակաշրջանների: «Ի համեմատություն նախորդ դարաշրջանների՝ 20-րդ դարը Հայ եկեղեցու համար եղել է ամենածանրը իր հետևանքներով: Միայն Հայոց ցեղասպանության ժամանակ չորս հազար հոգևորականներ կոտորվեցին, մեր հիմնական վանքերը, որ Արևմտյան Հայաստանում էին, ավերվեցին, բազմաթիվ ձեռագիր մատյաններ ոչնչացվեցին: Վիճակը ծանր էր նաև ռուսական կայսրության, այնուհետև Խորհրդային միության ներքո գտնվող Արևելյան Հայաստանի համար, ամեն ինչ արվում էր, որպեսզի ճնշվեին ազգային բոլոր դրսևորումները: Դպրոցներում կատեգորիկ արգելվում էր դասավանդել Հայաստանի պատմության և աշխարհագրության առարկաները, քանի որ դրանք կարող էին հայերի մեջ պետականության վերականգնման երազանքներ առաջացնել»,- ասաց Տեր Հայրը:

Տեր Վազգենը երիտասարդներին համառոտ ներկայացրեց այս դարաշրջանում առաջնորդած Հայոց ութ կաթողիկոսների ազգանվեր և եկեղեցաշեն գործունեությունը՝ սկսած դարասկզբին՝ 1907թ.-ին իր մահկանացուն կնքած կաթողիկոսից՝ Մկրտիչ Ա Վանեցուց, ում ժողովուրդը սիրում էր կոչել Խրիմյան Հայրիկ, մինչև 1999 թ-ին Հայոց կաթողիկոս ընտրված Գարեգին Բ Ներսիսյանը, ով արդեն 21-րդ դարում շարունակում է առաջնորդել Հայ եկեղեցին: Այս դարաշրջանում կաթողիկոսական ընտրությունների հետ կապված մեծ սահմանափակումներ և խոչընդոտներ են եղել, երկար տարիներ արգելված է եղել մյուռոնօրհնեքի արարողություն կատարել և միայն 1955 թ.-ից Վազգեն Ա-ին հաջողվել է վերականգնել Հայ եկեղեցու՝ յուրաքանչյուր յոթ տարին մեկ Սուրբ մյուռոն օրհնելու ավանդությունը: Հայոց կաթողիկոսներից ամենաերկարը՝ երեսունինը տարի, գահակալել է Վազգեն Ա կաթողիկոսը, ով այն երջանիկ կաթողիկոսներից էր, ում օրոք տեղի ունեցավ Հայաստանի անկախացումը: Հայ հոգևորականներն իրենց ծառայությունն են բերել նաև ռուսական բանակում՝ տասը կետից բաղկացած «Հրահանգ զինվորական քահանաների համար» ուղեցույցի համաձայն: Այս շրջանում Արևելյան Հայաստանում ևս Խորհրդային միության կողմից մոտ չորս հազար հայ հոգևորականներ աքսորվեցին և սպանվեցին:

Եզրափակելով բանախոսությունը՝ Տեր Վազգենը նշեց. «20-րդ դարում Հայ եկեղեցին կանգնած էր լինել-չլինելու առջև և Աստծո ողորմածությամբ Հայ եկեղեցին հաղթահարեց այդ ծանր դարաշրջանը: Այսօր էլ անկախ Հայաստանում Հայ եկեղեցին ենթարկվում է որոշակի հալածանքների, քանի որ այսօր էլ Հայ եկեղեցու կարևոր առաքելություններից մեկն է ազգապահպանությունը, իսկ հալածանքները նպատակաուղղված են հարված հասցնելու հայ քրիստոնյայի բարոյական արժեքներին՝ աղճատելու համար հայի տեսակը: Հետևաբար՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամներ, պետք է ամեն ինչ անել պաշտպանելու համար մեր եկեղեցին, ինչի համար անհրաժեշտ է ճանաչել ու սիրել մեր եկեղեցին, նախանձախնդիր լինել հոգևոր կյանքում, հոգևոր գիտելիքներ ձեռք բերել՝ այն փոխանցելով նաև մեզ շրջապատող մարդկանց»:

Բանախոսության ավարտին «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին, որ, ներկայացնելով երիտասարդներին Հայ եկեղեցու և ժողովրդի համար նախորդ ծանր դարաշրջանը, անցյալից կարևոր դասեր քաղելու հորդորներ տվեց. «Հայ եկեղեցին միշտ փորձությունների և պայքարի մեջ է եղել: Այսօր՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամներ, գոհությամբ փառաբանենք Տիրոջը, որ շնորհիվ Հայոց եկեղեցու գահակալների թողած հոգևոր ժառանգության Հայ եկեղեցին լիարժեքորեն իրականացնում է իր առաքելությունը: Երջանիկ սերունդ ենք, քանի որ ազատ ենք և մեր հավատքի համար մեզ ոչ ոք չի բռնադատում, շատ կարևոր է ներկայիս Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի ներդրումը Հայ եկեղեցու ծառայության մեջ: Ուստի արժևորենք այն, ինչ ունենք՝ անտարբեր չգտնվելով մեր հոգևոր արժեքների հանդեպ»:

Կարինե Սուգիկյան

Աղբյուրը՝ www.surbzoravor.am