Այսօր Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Մեծ պահոց շրջանի Հանգստյան վերջին ժամերգությունը, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ, եկեղեցու այս տարվա խաչքավոր Դավիթ Հարությունյանը, քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և հավատավոր հայորդիներ:
Պահոց այս շրջանում կատարված ժամերգությունները Քրիստոսի կենսատու լույսով ու խաղաղությամբ լցրին հավատացյալների հոգիները՝ առաջնորդելով նրանց ինքնամաքրման, զղջման, աղոթքի և խոկման միջոցով դեպի Տիրոջ հրաշափառ Հարության տոնը:
Վերջում հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:
Սիրելի՛ հավատացյալներ, Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա ընթացքում առավել մոտենանք Տիրոջը, առավել չափով մասնակից լինենք եկեղեցիներում իրականացվող հոգեբուխ հատուկ արարողություններին, Սբ. Պատարագներին, որպեսզի մաքրված ու խաղաղված փառաբանենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը և Նրա զորությունը ստանանք:
Պարբերաբար Ձեզ կներկայացնենք Ավագ շաբաթվա և Զատկական հրաշափառ արարողությունների ժամանակացույցը: