Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


 

Արդեն  ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի Թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել հավատացյալների համար:

Սկզբում ելույթ ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց տիկին Սիմոնյանին, որ ամեն տարի ավագ ուրբաթ օր եկեղեցում կազմակերպում է հոգևոր երգի երեկո:

Այս խորհրդավոր և հուզիչ երեկոյի ընթացքում Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի և «Արմենյան» մանկական երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան) կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, շարականներ և հոգևոր երաժշտության արևմտաեվրոպական դասականներից կատարումներ:

Եկեղեցում ստեղծվել էր մտերմիկ միջավայր՝ ներկաներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

Հոգևոր երգերի հրաշալի կատարումներն ընդմիջվում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի ուսանողների Աստվածաշնչից ընտրված հատվածների ընթերցումներով:

Այս գեղեցիկ միջոցառումը եզրափակվեց Հայրապետական մաղթերգով:

Այնուհետև ելույթ ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի գեղ. ղեկավար Մարո Սիմոնյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց երգչախմբի անդամներին և բոլոր ներկաներին:

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հոգևոր երաժշտության նշանակության մասին խոսելով՝ բարձր գնահատեց Ս. Աստվածածին երգչախմբի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց երգչախմբի ղեկավար տիկին Մարո Սիմոնյանին՝ եկեղեցական և թեմական կյանքից ներս ունեցած իր մեծ մշակութային վաստակի համար:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու