Սուրբ Հարության կամ Ս. Զատկի տոնը Եղեգնաձորի  առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ապրիլի 1-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Ս. Պատարագ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Լեփ-լեցուն էր Ս. Աստվածածին եկեղեցին հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու Զատկի տոնին նվիրված արարողություններին:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:

Այնուհետև եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիտոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված ածիկների և զատկական սեղանների ցուցահանդես, որին ակտիվ մասնակցեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական և Վերնաշենի ու Արտաբույնքի միջնակարգ դպրոցների աշակերտները:

Հոգևոր հայրերը, մարզպետը և ներկաները դիտեցին աշակերտների պատրաստած գեղեցիկ զարդարված սեղանները և բազմաթիվ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասացին կազմակերպիչներին և աշակերտներին:

Այնուհետև ազգային ավանդական խաղերն առավել տոնական դարձրին ներկաների օրը:

Վերջում առաջնորդարանում Առաջնորդ Սրբազան  Հոր օրհնությամբ տեղի ունցավ ընդունելություն և սիրո ճաշ, որի ընթացքում Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին Ս. Հարության տոնի առիթով, ապա խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements