Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր  


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին նշվեց ապրիլի 15-ին:

Այն Վայոց ձորում ամեն տարի առանձնակի խանդավառությամբ է նշվում, քանզի այն նաև հայ մշակույթի կարևորագույն գոհարներից մեկի՝ Նորավանքի ուխտի օրն է։

Տոնի օրը Վայոց ձորի թեմը մեծ տոնախմբություն էր նախաձեռնել Նորավանքում:

Ժամը՝10:30-ին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչպես նաև խոսեց մեր պատմության և ներկա ժամանակահատվածներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած անգնահատելի հոգևոր, բարոյական և ազգային գաղափարների իրագործման դերի մասին:

Ս. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ:

Այնուհետև հոգևորականների հետ Առաջնորդ Սրբազան Հայրը  Հոգեհանգստյան կարգ կատարեց Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի գերեզմանաքարի մոտ՝ նրա հոգու հանգստության համար:

Այս տարի տոնի օրը Հայաստանի մարզերից և Սփյուռքից Նորավանք ուխտի եկած հարյուրավոր հավատավոր հայորդիները ջերմորեն մասնակցեցին կազմակերպված բոլոր արարողություններին:

Առաջնորդ Սրբազան Հայրն օրհնեց մեր միասնականությունը խորհրդանշող ազգային  ճաշատեսակը՝ հարիսան, ապա օրհնված հարիսան և և Կանաչ կիրակին խորհրդանշող կանաչ հավկիթները բաժանվեցին Նորավանք այցելած բոլոր ուխտավորներին:

Այս տարի աննախադեպ էր ուխտին մասնակցող Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջաններից եկած դպրոցականների քանակով: Թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանի և Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Հ. Աղախանյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի համայնքներ դպրոցների աշակերտների մասնակցությամբ ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Նորավանք:

Աշակերտներն իրենց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների և կազմակերպիչների հետ մասնակցեցին տոնին նվիրված արարողություններին, ինչպես նաև ճանաչողական զրույց–շրջայց կատարեցին Նորավանքի վանական համալիրի տարածքում, այցելեցին Մոմիկի  անվան թանգարան և Ս. Փոկասի մատուռ:

Շատ հետաքրքիր ու բովանդակալից անցավ աշակերտների օրը. նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր արարողություններին՝ ստանալով անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ:

Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի ջանքերով Նորավանք ուխտի էին եկել համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախումբը /գեղ. ղեկավար՝ Արսեն սարկավագ Մաթևոսյան/, «Պատանի Երկրապահ» ակումբի և պարի համույթի սաները:

Նորավանքում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան ուխտավորաբար Նորավանքում գտնվող Զանգակատան «Էրգիր» պարային համույթը /գեղ. ղեկավար՝ Լուսինե Սահակյան/ և Խաչիկ համայնքի պարի համույթը /գեղ. ղեկավար՝ Բելլա Առաքելյան/:

Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթները բուռն խանդավառություն առաջացրեց ուխտավորների մոտ, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտեցին ցնծագին ծափողջույններով:

Ազգային Կանաչ՝ վերազարթոնքի մթնոլորտով էր լցված Նորավանքը:

Ուրախությամբ հիշատակենք, որ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Նորավանքի ուխտի օրվա տոնախմբությունն իրականացավ Նորավանքի բարերար, տիկին Դիանա Հաճեթյանի ազնիվ նվիրատվության շնորհիվ, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքներին աջակցեցին Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը և Մարտիրոս համայնքի գործարար Աշոտ Մաթևոսյանը:

Վերջում Նորավանքի հյուրատանը կազմակերպվեց ընդունելություն և սիրո ճաշ:

Այսօրվա ուխտը մեր ազգային միասնականության վերանորոգման և հավերժության ուխտն է: Այսօր մենք ծնրադրեցինք Ամենակալ Տիրոջ, Սուրբ Նորավանքի, մեր նախնյաց սրբացած շիրմաքարերի, մեր լեռների առջև և ուխտեցինք հավատարիմ մնալ մեր նախնյաց պատգամներին, միասնական լինել ամեն պարագայում՝ անմնացորդ սիրով նվիրվելով մեր հայրենիքին ու Սուրբ Եկեղեցուն:

Թող բոլորի ուխտն Ամենակալ Աստված ի կատար ածի:

 Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

                    

Advertisements