ՆՈՐԱՎԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ


Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները:
ՆՈՐԱՎԱՆՔԻ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ

 

Պատմական նշանավոր վանքերով հարուստ Սյունյաց աշխարհը երեք Նորավանք է ունեցել։ Դատելով պահպանված նյութերից՝ երեքն էլ 10-րդ դարում են կառուցվել, բայց ավելի վաղ գոյություն ունեցած սրբավայրերում։

Բղենո Նորավանքը գտնվում է Որոտան գետի մոտ՝ Տաթևից արևելք, որտեղ 989 թ. ստեղծվել է նշանավոր «Էջմիածնի Ավետարանը»։ Երկրորդը՝ Վայոց ձոր գավառում, Ս. Փոկասի հին սրբավայր-մատուռի մոտ գտնվող՝ հետագայում (13-րդ դարի վերջերին) որպես Սյունյաց եպիսկոպոսանիստ հռչակված Նորավանքն է, որը նոր շրջանում, մոտակա գյուղի անվան զուգորդմամբ հաճախ կոչվում է նաև Ամաղուի Նորավանք։ Եվ, վերջապես, նույն գավառում, բայց ավելի բարձրադիր տեղում գտնվող մյուս Նորավանքը, որը նախորդից զանազանելու համար հիշատակագիրները հաճախ կոչում են Վերին Նորավանք։

Այն եղել է նշանավոր ուսումնակրթական և գրչության կենտրոն։ Առավել հայտնին եպիսկոպոսանիստ Նորավանքն է, որին նվիրված բավական հարուստ գրականություն կա։ Ուսումնասիրողները բազմիցս անդրադարձել են վանքի պատմությանը, քանի որ այն նշանավոր Օրբելյան իշխանական տոհմի դամբարանավայրն էր և 13-րդ դարի վերջերին ու 14-րդ դարի առաջին կեսին Սյունյաց մետրոպոլիտների նստավայրը, վանքի ճարտարապետությանը, որովհետև այն առանձնահատուկ տեղ է գրավում 13-14-րդ դարերի հայ ճարտարապետության պատմության մեջ՝ ունենալով նաև հարուստ քանդակագործություն և բացառիկ խաչքարեր, մեծաքանակ ու արժեքավոր վիմագրությանը և ընդհանուր ժառանգությանը։

Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու նորոգման ու վերաօծման առթիվ լույս են տեսել վանքի պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական նյութերի ժողովածուներ։

Նախորդ ուսումնասիրողներին չկրկնելու համար, ստորև վանքի պատմության և կառույցների մասին մենք կխոսենք շատ հակիրճ՝ առաջնությունը տալով սկզբնաղբյուրների վկայություններին, միաժամանակ անդրադառնալով պատմական և մշակութային այն հարցերին, որոնք տարբեր պատճառներով անորոշ կամ թեական են մնացել և լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։

Նորավանքի հիմնադրման պատմության միակ և անփոխարինելի սկզբնաղբյուրը Ստեփանոս Օրբելյանի Սյունյաց պատմությունն է, որն ի դեպ, գրվել է հենց Նորավանքում։ Իր երկի ԿԴ (64-րդ) գլուխը նա վերնագրել է. «Սկիզբն եւ պատճառ շինութեան եւ նախապատիւ գահերիցութեան սուրբ եւ գերահռչակ եւ փառաւոր ուխտին եւ աշխարհադէտ խմբարանին Նորավանից», որի սկզբում գրում է. «Յառաջ քան զայս բա-զում ժամանակօք, վաղաւուրբք և հնագոյն ամօք, ի նեղ և անձուկ ձորակին այնմ, ի պատշաճաւոր տեղւոջ էր շինեալ եկեղեցի մի կրաշաղախ վիմօք յանուն սրբոյ Կարապետին՝ յոյժ սքանչելագործ և ահարկու և անուանի մերձակայ սահմանացն։

Եւ բղխէր մերձ նմին աղբիւր քաղցրահամ. և ձորն ամենայն գեղեցկացեալ էր այգեօք և թանձրախիտ ծառօք մրգաբերօք»։ Աշխարհաբարը՝ «Սրանից շատ ժամանակներ առաջ, վաղ օրեր ու երկար տարիներ ի վեր այն նեղ ու անձուկ ձորակում մի հարմար տեղում կառուցված էր մի եկեղեցի` կրաշաղախ քարերով` Սուրբ Կարապետի անվամբ, հույժ սքանչելագործ, ազդեցիկ ու անվանի շրջակա սահմաններում: Նրա մոտ բխում էր քաղցրահամ մի աղբյուր, և ամբողջ ձորը զարդարված էր այգիներով ու թանձրախիտ պտղատու ծառերով»:

Այնուհետև պատմվում է նույն ձորում գտնվող Փոկաս հայրապետի անունով՝ հրաշագործ աղբյուրով մատուռի մասին։

1105-ին այստեղ է հաստատվել Բաղքի Հասան իշխանի որդի Հովհաննես Կապանեցի եպիսկոպոսը, որի ջանադիր գործունեությամբ բարձրացել է տեղի հռչակը, վանքն ապահովվել կալվածքներով և այլն։

Նորավանքի պատմության հենց այս սկզբնական հատվածից է սկսվում նրա երկու հին եկեղեցիների՝ Սուրբ Կարապետի և Սուրբ Ստեփանոս Նախավկայի անունների շփոթը, որը չնայած պարզաբանվել է 1980-ական թվականներին, սակայն անորոշությունը պահպանվում է ցայժմ, ուստի ավելի հանգամանալից ներկայացման կարիք ունի։ Ներկա հրատարակության մեջ սույն հարցի լուսաբանումը կարևոր է նաև այն պատճառով, որ Նորավանքի վիմագրության ակադեմիական հրատարակության մեջ Ս. Ստեփանոսը ներկայացված է որպես Ս. Կարապետ (այդպես է նաև վիմագրերին անդրադարձած Մ. Սթոունի և այլ հեղինակների մոտ)։

Օգտագործված գրականություն

Կարեն Մաթևոսյան, Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, Երևան, 2017թ. http://www.armenianart.org/:

                                                                       Պատրաստեց Սիրան Սարգսյանը  

 

Advertisements