ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանը և Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վազգեն Հովհաննիսյանը 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ հոգևոր հանդիպում ունեցան Գողթանիկի հիմն. դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների հետ:

Այդ հանդիպումների ընթացքում պարզվեց, որ դպրոցի աշակերտների մեծ մասը մկրտված չեն: Տեր Վազգեն քահանայի առաջարկությամբ, դպրոցի տնօրինության համաձայնությամբ, ծնողների, աշակերտների մեծ ցանկությամբ այսօր տեղի ունեցավ դպրոցի 14 սաների Ս. Մկրտությունը:


Մկրտությունը կազմակերպվեց միջնադարյան Հայաստանի լավագույն ճարտարապետական համալիր համարվող Նորավանքում: Մկրտության և Դրոշմի արարողակարգը սիրով

 կատարեցին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Հայր Զարեհ Կաբաղյանը և Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Վերջիններս արարողության թե՛ սկզբում և թե՛ վերջում իրենց խոսքում բազմիցս կարևորեցին Մկրտության խորհրդի անհրաժեշտությունը, ինչպես նաև հանդես եկան բարոյադաստիարակչական քարոզով: 


Համոզված ենք, որ այսօրը երեխաների համար կմնա որպես հիշարժան ու անկրկնելի: Շնորհակալություն բոլոր նրանց, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ գաղափարը դարձավ իրականություն և ևս 14 սաներ փաստացի դարձան քրիստոնյա: Շնորհավորում ենք, սիրելի գողթանիկցիներ, եղե՛ք Քրիստոսին արժանի հետևորդներ:


Տնօրեն՝ Ա. Նազարյան
ՀԵՊ ուսուցիչ՝ Գ. Հակոբյան

Աղբյուրը՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

 

Advertisements