Օգոստոսի 12-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաղավար տոնի օրը, Նորավանքում մեծ տոնախմբություն էր:
Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում կատարվեց Խաղողօրհնեքի կարգը:
Արարողության ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբն օրհնության խոսքով հանդես եկավ, ապա ելույթ ունեցավ ՀՀ Զինված ուժերի գնդերեց, նորաօծ քահանա Տ. Հովհաննես քհն. Մաթևոսյանը, ով ներկայացրեց Խաղողօրհնեքին նվիրված ծրագիրը:
Այնուհետև իրենց անզուգական ելույթներով հանդես եկան ուխտավորաբար Նորավանքում գտնվող Զանգակատան «Էրգիր» /գեղ. ղեկավար՝ Լուսինե Սահակյան/ և սահմանամերձ Խաչիկ համայնքի պարի համույթները /գեղ. ղեկավար՝ Բելլա Առաքելյան/:
Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթները բուռն խանդավառություն առաջացրեց ուխտավորների մոտ, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտեցին ցնծագին ծափողջույններով:
Այս տարի ևս տոնի օրը Հայաստանի մարզերից և Սփյուռքից Նորավանք ուխտի եկած հարյուրավոր հավատավոր հայորդիները ջերմորեն մասնակցեցին կազմակերպված բոլոր արարողություններին:
Թող Ամենակալ Աստված բոլորիս ուխտն ի կատար ածի, առատ պտղաբերություն պարգևի մեզ, և բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի՝ օրհնի, զորացնի մեզ և Սուրբ հոգու շնորհներով վերափոխի մեր միտքն ու հոգին:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու