Ուսուցչի տոնին նվիրված միջոցառում Մալիշկայում


Օրերս Մալիշկա համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի տոնը: Տոնական միջոցառումը կայացավ Մալիշկայի համայնքապետարանի բակում, որի ընթացքում ամփոփվեց նաև համայնքապետարանի կողմից կազմակերպված «Իմ ուսուցիչը» ֆոտոմրցույթը:

Ներկա էին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հունան Հունանյանը, Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջն. դպրոցի տնօրեն Հասմիկ Դավթյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, մանկապարտեզի աշխատողներ, վետերան ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցան համայնքի 2 մանկապարտեզների փոքրիկները:

Մանուկներից մի յուրահատուկ անմեղություն ու մաքրություն էր հորդում: Մանկական զրնգուն ծիծաղ, պարզ ու միամիտ հայացքներ, աչիկներում թաքցրած անհանգստություն, երգ, պար, ժպիտներ… Նրանց ելույթները հիացրին և հրճվանքի րոպեներ պարգևեցին ներկաներին: Կարծես բուրավետ ու երփներանգ ծաղիկներ լինեին, որոնցից յուրաքանչյուրը բուրում էր յուրովի:

Այնուհետև իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան թիվ 1 միջն. դպրոցի (միջոցառման կազմակերպիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյան) և Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջն. դպրոցի (միջոցառման կազմակերպիչներ` դպրոցի դաստ. աշխ. կազմակերպիչ և կենսաբանության ուսուցչուհի Պայծառ Խաչատրյան և պատմության ու հասարակագիտության ուսուցչուհի Ծովիկ Սարգսյան) սաները:

Միջոցառմանը մասնակից աշակերտները մեծ ոգևորությամբ  շնորհավորեցին ուսուցիչներին տոնի առիթով, ինչպես նաև հանդես եկան ազգագրական պարերի, ուսուցիչներին նվիրված խոսքերի ու երգերի կատարումներով:

Նրանց ելույթները ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից՝ պարգևելով անմոռանալի ակնթարթներ:

Անուհետև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հունան Հունանյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մանկավարժ-վետերաններին հանձնեց շնորհակալագրեր՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած բեղմնավոր աշխատանքի և մեծ ավանդի համար, որից հետո ներկայացրեց «Իմ ուսուցիչը» խորագրով ֆոտոմրցույթի արդյունքները, ըստ որի` 87 մասնակիցներից ֆեյսբուքյան քվեարկությամբ և հանձնաժողովի քննարկմամբ մրցանակային I, II և III տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արթուր Պետրոսյանը, Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Մանուկյանը և Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սեդա Իսրայելյանը, արժանացան հավաստագրերի, պայուսակների և դրամական խրախուսանքի, իսկ լավագույն լուսանկարների հեղինակները` Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Սայադյանը և Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Կոստանյանը, արժանացան հավաստագրերի:

87 մասնակիցներից լավագույն նկարի հեղինակը՝ Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարեն Գալստյանը, արժանացավ հավաստագրի և գավաթի:

Վերջում բոլոր մանկավարժների համար համայնքապետարանի կողմից կազմակերպվեց հյուրասիրություն, իսկ համայնքի բնակիչների համար՝ համերգային ծրագիր, որն ավարտվեց հրավառությամբ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու