Սուրբ Ծննդյան արարողությունները սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 5-ին Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի Խաչիկ համայնքի  հոգևոր հովիվ, ՀՀ ԶՈՒ գնդերեց Տեր Հովհաննես քհն. Մաթևոսյանը կատարեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին մատուցեց Ս. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Ս. Ծննդյան խորհրդին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ներկա էին համայնքի բնակիչները, N զորամասի զինվորներ և եկեղեցու դպիրներն ու երգչախմբի սաները:

Սահմանապահ հավատավորները վառվող մոմեր են տարել իրենց օջախներ՝ աղոթելով խաղաղության և բարօրության համար:

Հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Հովհաննես քհն. Մաթևոսյանը:

Պատարագի ընթացքում ընթերցվեց  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողություն:

Այս տարի Ս. Աստվածածին եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ  քանդակագործ, նկարիչ Փայլակ Մակարյանը:

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին: