Տնօրհնեք Եղեգնաձորի բժշկական կենտրոնում


Հունվարի 5-ի երեկոյից սկսած Վայոց ձորի Թեմի հոգևորականները մարզի ուսումնական հաստատություններում, հավատացյալների բնակարաններում, զորամասերում շարունակում են Տնօրհնեքի արարողություններ կատարել, ինչն առիթ է առավել շփվել ժողովրդի հետ:

Այսօր Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի և թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Տնօրհնյաց արարողություն կատարվեց Եղեգնաձորի բժշկական կենտրոնում:

 Նախ Տեր Հայրը ներկաներին ներկայացրեց Տնօրհնեքի խորհուրդը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Այնուհետև շնորհակալության խոսքով հանդես եկավ հիվանդանոցի գլխավոր բժիշկ պարոն Կարեն Ասատրյանը, ապա Տեր Հայրը, շրջելով հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում, օրհնված ջուրը ցողեց հիվանդասենյակներում և աշխատասենյակներում:

Հոգեշնորհ Հայր Սուրբը ևս այցելեց հիվանդանոցում բուժվող հիվանդներին և Տեր Հոր հետ բժշկության աղոթք ասաց բոլորի համար:

Թող Ամենակալ Աստված օրհնի և իմաստնություն տա մեր բժիշկներին ու շուտափույթ առողջություն հիվանդներին: