Փետրվարի 13-ին Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն կատարվեց Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որին ներկա էին եկեղեցու այս տարվա խաչքավոր Նահապետ Խաչատուրի Հարությունյանը և համայնքի բազմաթիվ բնակիչներ և աշակերտներ:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ, հանդես եկավ տոնի խորհուրդը քարոզող հայրական խոսքով:
Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի խորհրդանշական խարույկը:
Այնուհետև եկեղեցու բակում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի աշակերտները:
Իսկ երբ կրակի բոցը ցածրացավ, ներկաները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ՝ երգելով ժողովրդական «Տերնընդեզ» երգը, ինչպես նաև ցատկելով խարույկի վրայով:
Վերջում ներկաները հյուրասիրվեցին խաչքավորի ընտանիքի կողմից պատրաստված քաղցրավենիքներով և աղանդերներով:
Նյութը և լուսանկարները՝ Սիրան Սարգսյանի