Բուն Բարեկենդան


Բուն Բարեկենդան

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալուե (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաև բոլորիս հայտնի խաշը: Բարեկենդանի խրախճանքին մասնակցում էին բոլորը. մինչևիսկ չքավորները ուշադրության առարկա էին դառնում և առատապես վայելում էին Բարեկենդանի սեղանը: Իսկ Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնի մեջ խաշած ձու ուտելով` բերանները փակում էին` մաղթելով, որ Զատկին ձվով բարով բանան իրենց բերանները: Մեծ Պահքն սկսվում է Բուն Բարեկենդանով:

Այն խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի դրախտային անհոգ և ուրախ կյանքը, իսկ հաջորդ օրվա երկուշաբթիով սկսվող Մեծ Պահքը՝ պատվիրանազանցությամբ դրախտից վտարվելը, որի համար Մեծ Պահքի երկրորդ կիրակին արդեն անվանվում է Արտաքսման և նվիրված է Ադամի ու Եվայի՝ դրախտից արտաքսմանը:

Ահա այս տարի մարտի 4-ից մուտք ենք գործում Մեծ Պահոց 40-օրյա շրջան, որը կշարունակվի մինչև Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` մինչև Սուրբ Զատիկ: Եկեղեցու սուրբ հայրերի հաստատած Մեծ Պահոց, ապաշխարության և ինքնաքննության 40-օրյա այս շրջանը մեզ բոլորիս հրավիրում է ներհայեցողության, ինքնամաքրման, ողջախոհության և առավել արթուն կյանքի, հրավիրում է հոգևոր և մարմնական պահքի, հարատև աղոթքի և բարի գործերի:

ԱՎԵԼԻՆ