Սուրբ Հարության տոնը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ապրիլի 21-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Ս. Պատարագ, որին ներկա էին բազմաթիվ հավատավոր հայորդիներ և եկեղեցու այս տարվա խաչքավոր Գրիգոր Հովհաննիսյանը:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:

Վերջում առաջնորդարանում Առաջնորդ Սրբազան  Հոր օրհնությամբ տեղի ունեցավ ընդունելություն և սիրո ճաշ, որ կազմակերպվել էր խաչքավոր Գրիգոր Հովհաննիսյանի կողմից: Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին Ս. Հարության տոնի առիթով, ապա խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: