Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Այսօր Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ առաջնորդությամբ մարզկենտրոն Եղեգնաձորում ծաղկադրման բազմամարդ երթ էր կազմակերպվել դեպի Եղեգնաձորի եռաբլուրում՝ Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան:

  Երթին մասնակցում էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ:

Այդտեղ հոգևոր հայրերն օրհնեցին անհայտ ազատամարտիկի հիշատակին նվիրված խաչքարը:
Նույն օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբ Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

 Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազան Հոր, կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը: