Ջահերով երթ Եղեգնաձորում



Ապրիլի 23-ին Եղեգնաձորում Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ տեղի ունեցավ:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի և մարզպետարանի աշխատակիցներ Հուսիկ Հարությունյանի ու Աղասի Հովհաննիսյանի առաջնորդությամբ երիտասարդների ջահերով երթն սկսվեց Եղեգնաձորի ամֆիթատրոնից և շարժվեց դեպի Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ:

Տերունական աղոթքից և ՀՀ օրհներգից հետո հնչեցին հոգևոր և ազգային երգեր, ապա ելույթ ունեցավ Հայր Սուրբը:

Այնուհետև երթի մասնակիցները եկան Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Հսկման արարողությանը մասնակցելու:

Արարողության ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Թող մեր սուրբ նահատակները պահապան և բարեխոսեն լինեն բոլորիս: