Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին նշվեց մայիսի 5-ին:

Այն Վայոց ձորում ամեն տարի առանձնակի խանդավառությամբ է նշվում, քանզի այն նաև հայ մշակույթի կարևորագույն գոհարներից մեկի՝ Նորավանքի ուխտի օրն է։

Տոնի օրը Վայոց ձորի թեմը մեծ տոնախմբություն էր նախաձեռնել Նորավանքում:

Առավոտյան հոգևորականների հետ Առաջնորդ Սրբազան Հայրը  Հոգեհանգստյան կարգ կատարեց Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի գերեզմանաքարի մոտ՝ նրա հոգու հանգստության համար:

Ժամը՝11:00-ին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով ներկայացրեց տոնի խորհուրդը:

Ս. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ:

 Այս տարի տոնի օրը Հայաստանի մարզերից և Սփյուռքից Նորավանք ուխտի եկած հարյուրավոր հավատավոր հայորդիները ջերմորեն մասնակցեցին կազմակերպված բոլոր արարողություններին:

Առաջնորդ Սրբազան Հայրն օրհնեց մեր միասնականությունը խորհրդանշող ազգային  ճաշատեսակը՝ հարիսան, ապա օրհնված հարիսան  և Կանաչ կիրակին խորհրդանշող կանաչ հավկիթները բաժանվեցին Նորավանք այցելած բոլոր ուխտավորներին:

Այս տարի նույնպես աննախադեպ էր ուխտին մասնակցող Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջաններից եկած դպրոցականների քանակով:

Թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի համայնքների դպրոցների աշակերտների մասնակցությամբ ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Նորավանք:

Աշակերտներն իրենց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների և կազմակերպիչների հետ մասնակցեցին տոնին նվիրված արարողություններին, ինչպես նաև ճանաչողական զրույց–շրջայց կատարեցին Նորավանքի վանական համալիրի տարածքում, այցելեցին Մոմիկի  անվան թանգարան և Ս. Փոկասի մատուռ:

Շատ հետաքրքիր ու բովանդակալից անցավ աշակերտների օրը. նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր արարողություններին՝ ստանալով անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ:

Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի ջանքերով Նորավանք ուխտի էին եկել համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախումբը /գեղ. ղեկավար՝ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան/, պարի համույթի սաները / գեղ. ղեկավար՝ Բելլա Առաքելյան/, Ելփին գյուղի նորակազմ ազգագրական պարի համույթը /գեղ. ղեկավար՝ Մերի Գևորգյան/ և երգչախումբը / գեղ. ղեկավար՝ Տեր Հովհաննես քհն. Մաթևոսյան/:

Նորավանքում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան ուխտավորաբար Նորավանքում գտնվող Զանգակատան «Էրգիր» պարային համույթը /գեղ. ղեկավար՝ Լուսինե Սահակյան/ և Խաչիկ ու Ելփին համայնքների երգի-պարի համույթները: Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթները բուռն խանդավառություն առաջացրեց ուխտավորների մոտ, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտեցին ցնծագին ծափողջույններով:

Ազգային Կանաչ՝ վերազարթոնքի մթնոլորտով էր լցված Նորավանքը:

Ուրախությամբ հիշատակենք, որ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Նորավանքի ուխտի օրվա տոնախմբությունն իրականացավ Նորավանքի բարերար, տիկին Դիանա Հաճեթյանի ազնիվ նվիրատվության շնորհիվ:

Այս տարի Կանաչ կիրակիի տոնակատարության կայացմանն իրենց գործուն մասնակցությունն ունեցան նաև Նորավանքի նվիրյալ զավակներ տեր և տիկին Վասիլիև Հասմիկ Ալեքսանովներն՝ ապահովելով տոնահանդեսն առաջնակարգ տեխնիկայով, Սուրբ Սեղանի գեղեցիկ ծաղկե հարդարանքներով և կանաչ հավկիթների նվիրատվությամբ: Նախօրեին Ալեքսանով ընտանիքը Նորավանքին էր նվիրաբերել Սուրբ Խորանի զույգ բրոնզաձույլ մեծ աշտանակներ, Սուրբ Սեղանի և Մկրտարանի ձեռագործ ծաղկոցներ, Սուրբ Սեղանի պահոցների ձեռագործ վարագույրներ:
Թող Ամենակալ Աստված օրհնի Ալեքսանով ընտանիքին և Նորավանքն պահապան լինի նրանց:

Թող բոլորի ուխտն Ամենակալ Աստված ի կատար ածի:

Սիրան Սարգսյան
 Թեմի լրատվության
 բաժնի պատասխանատու