“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


Վայոց ձորի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկը՝ գյուղատնտեսությունը, իր շուրջն է հավաքել ոլորտի դերակատարներին։

Հունիսի 6-ին մեկնարկեց ‹‹Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները›› խորագրով 4-օրյա հանդիպում-քննարկումը, որն իրականացվում է գերմանական BfdW կազմակերպության աջակցությամբ, Սյունիք-զարգացում ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար։ 

Հանդիպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծելու ոլորտի շահագրգիռ կողմերին առաջարկությունների, կարիքների, տեսակետների քննարկման համար ՝ օժանդակելով Վայոց ձորում պտղաբուծության զարգացմանը, մասնավորապես ինտենսիվ այգիների ստեղծմանը և ընդլայնմանը, ինչպես նաև նպաստելու տեղական և միջազգային մակարդակով մարզի ֆերմերային տնտեսությունների փորձի փոխանակմանը, կապերի ստեղծմանը։ 
Հանդիպում-քննարկման բացման օրը ողջույնի խոսքով հանդես եկան Վայոց ձոր թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչության բուսաբուծության բաժնի պետ Ռուդիկ Նազարյանը։ 

Պաշտոնական բացումից հետո, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց մարզի հողատարածքների և վերջին տարիներին նոր այգիների վիճակագրական տվյալները։ 

Ռուդիկ Նազարյանը և Ագրովերամշակման զարգացման վարչության ագրովերամշակման աջակցության բաժնի պետ Արայիկ Արամյանը ներկայացրեցին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչության կողմից 2019թ․-ին իրականացվող պետական աջակցության ծրագրերը։
Առաջիկա երեք օրվա ընթացքում մասնակիցները վերհանելու են մարզում պտղաբուծության և պտղի շարունակական վերամշակում արժեշղթայի առանձին օղակների հիմնախնդիրները և քննարկելու հիմնախնդիրների առաջարկման ուղիները։