ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ


Սյունիք-Զարգացում ՀԿ-ի «Բնապահպանական կրթություն և իրազեկում Վայոց ձորի և Զակարպատիայի (Ուկրաինա) մարզերում» և «Սոցիալական զարգացում» ծրագրերի շրջանակներում հուլիսի 23-24-ը Վայոց ձորի թեմի «Սիրանուշ» ճամբարում տեղի ունեցավ բնապահպանական երկօրյա դասընթաց-ճամբար՝ մարզի երիտասարդների համար։ 


Ծրագրի նպատակն էր բարձրացնել Վայոց ձորի երիտասարդների իրազեկվածությունը տեղական և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ 
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Բնապահպանական կրթություն և իրազեկում Վայոց ձորի և Զակարպատիայի (Ուկրաինա) մարզերում» ծրագրի համակարգող Գոհար Հունանյանը և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։ 
Այնուհետև, Սյունիք-Զարգացում ՀԿ-ի համակարգող Տաթև Հարությունյանի կողմից ներկայացվեց ՀԿ-ի կազմավորման պատմությունը, առաքելությունը, սոցիալական և բնապահպանական ընթացիկ ծրագրերը։ 


Ծրագրի դասընթացավարն էր «Տնակ» ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության դասընթացների հիմնադիր Լուսինե Կարապետյանը, ով խոսեց հետևյալ թեմաներով՝
• մեր ստեղծած աղբը, 
• աղբի կառավարման տարբերակները, 
• պլաստիկի ազդեցությունը Երկիր մոլորակի վրա,
• ինչպես հրաժարվել պլաստիկից,
• գլոբալ տաքացումը և մեր քայլերը,
• քաղաքային այգեգործություն,
• սննդային մնացորդների կառավարում և պարարտախառնուրդի (կոմպոստ) պատրաստում,
• էկոլոգիական ոտնահետքի հաշվարկ։
Բնապահպանական ծրագրի շրջանակում հետևյալ թեմաներով զեկույցով հանդես եկավ «Էկոլոգիական և կրոնական հետազոտությունների ինստիտուտի» հիմնադիր Ալեքսանդր Բոկոտեյը՝
• Ուժգորոդ քաղաքի շրջակա միջավայրի իրավիճակն ու խնդիրները,
• տեղական մակարդակում ներդրված լավագույն բնապահպանական փորձ կամ ծրագիր։


Հաջորդ օրը մասնակիցները կատարեցին տարածքի մաքրման աշխատանքներ՝ քայլելով Եղեգիսի Հրեական գերեզմանատուն, այնուհետև Զորաց եկեղեցի, ինչպես նաև հնարավորություն ունեցան տեղեկություն ստանալ վերոնշյալ պատմամշակութային վայրերի վերաբերյալ։ 


Ծրագրի արդյունքում բարձրացավ յուրաքանչյուր մասնակցի իրազեկվածության մակարդակը թափոնների կառավարման և բնության պահպանման վերաբերյալ։