Խաղողօրհնեքը Նորավանքում և Արենի խոշորացված համայնքի մի քանի գյուղերում


Այս տարի Խաղողօրհնեքի տոնին Նորավանքի հովվության և Արենի խոշորացված համայնքի համագործակցությամբ կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն Արենի խոշորացված համայնքի Աղավնաձոր, Խաչիկ և Ելփին գյուղերի եկեղեցիներում:

Խաղողօրհնեքի արարողակարգը կատարել են Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը և Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Խաղողօրհնեքի արարողության ավարտին նշված գյուղերում գործող մշակութային խմբակների երեխաները հանդես են եկել ազգային երգ ու պարի գեղեցիկ կատարումներով:

Ավանդաբար Արենի համայնքը համարվել է խաղողագործության հմագույն կենտրոններից մեկը, այդ իսկ պատճառով Արենի համայնքի մի շարք բնակավայրերում մեծ շուքով կատարվում են Խաղողօրհնեքի արարողություններ: Թող Աստվածամոր բարեխոսությունը զորավիգ լինի մեր ազգի բոլոր զավակներին: