Խաչերի օրհնություն Քարագլխում


Երեկ Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ բնակավայրում կատարվեց բնակավայրը պահպանող խաչերի օրհնության կարգ (ծովի մակարդակից շուրջ 2000մ  բարձրության վրա): Այս բնակավայրը պատսպարող լեռների երեք կողմերում, բարերարությամբ քարագլխեցի Խաչատրյան եղբայրների, կանգնեցվեց երեք խաչեր:

Հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի՝ կատարվեց խաչերի օրհնության կարգ:

Բարերարների կողմից կազմակերպվել էր տոնահանդես, ուր ներկա էր ողջ գյուղը Հայաստանյայց, Արցախից և Սփյուռքից եկած հայորդիներ և օտարազգի հյուրեր: Իրենց կատարումներով հանդես եկան Քարագլուխ և Գլաձոր բնակավայրերի ագգագրական երգի-պարի խմբերը, ինչպես նաև անհատ կատարողներ:

Օրհնությաան խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը, գործարար Սամվել Սարգսյանը, մտավորականներ և քարագլխեցիներ:

Վերջում բարերարի կողմից մատուցվեց սիրո ճաշ:

Թող Ամենակալ Աստված օրհնի ու ավելիով հատուցի ազնիվ բարերարներին, և թող Տիրոջ Սուրբ խաչերն իրենց զորությամբ պահեն, պահպանեն մեզ բոլորիս:

Լուսանկարները՝ Էդվարդ Բագրատունու և Welcome TO Karaglukh