ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 735-ԱՄՅԱԿԸ


Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Թանահատի  վանական  համալիրի  Սուրբ Ստեփանոս  եկեղեցում  թեմակալ  առաջնորդի  ձեռամբ  կատարված  օրհնության կարգով,  որից  հետո ներկաները  ունկնդրել  են «Գեղարդավանք»  երգչախմբի  ներկայացրած  ու Կոմիտասի  մշակմամբ  մեզ  հասած  հոգևոր,  աշխարհիկ  երգեր։

Պատմական  վկայությունների  համաձայն  վանական  համալիրի  տարածքում  գործել  է միջնադարյան  նշանավոր  կրթօջախը՝  Գլաձորի  համալսարանը։  Կրոնական, փիլիսոփայական, հասարակական-քաղաքական ու ստեղծագործական մտքի զարգացման կենտրոնը  հայոց  պատմության էջերում ուրույն  տեղ է զբաղեցնում։  Գլաձորում բարձրագույն կրթություն ստացած անվանի շատ մտավորականներ  իրենց գիտական ու հոգևոր գործունեությունը հետագայում շարունակել  են Գլաձորում,  նաև՝ Հայաստանի մյուս նահանգներում։

Գլաձորի համալսարանի գործունեության մշակութային, գիտական ու կրթական նշանակությունը իրենց խոսքում կարևորել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մատենադարանի փոխտնօրեն Աշոտ Մաթևոսյանը։  Նրանց  համոզմամբ  Գլաձորի համալսարանը  բացառիկ  երևույթ է հայոց պատմության մեջ, իսկ 35 տարի առաջ խորհրդային իշխանությունների օրոք Գլաձորի համալսարանի 700-ամյակը մեծ շուքով նշելը՝ մեծ հերոսություն։

«Գլաձորի համալսարան»-ի 735-ամյակի տոնակատարությունը նախաձեռնել ու կյանքի  է  կոչել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ը,  որի մասնաճյուղն է «Գլաձորի  համալսարան» պատմամշակութային  արգելոց-թանգարանը, Թանահատի վանական համալիրը՝  ենթահուշարձաններով։

ՊՈԱԿ-ի տնօրեն  Արա  Թարվերդյանի փոխանցմամբ  Գլաձորի  համալսարանը  համահայկական նշանակություն ունի մեր պատմության  մեջ և  կրթօջախի գոյությունը ապացուց է, որ մենք կրթության ու դպրության խորը արմատներ ենք ունեցել։

Տոնական միջոցառման մասն էին կազմել  նաև Եղեգնաձորի Մշակույթի տան  հարակից տարածքում գործող տաղավարները։ Վայոց  Ձորի տարածաշրջանային պետական  քոլեջի ուսանողները, անհատ վարպետները, «Սյունիք-զարգացում» հասարակական կազմակերպության համայնքային կենտրոններում իրականացվող մանրանկարչության, բատիկի և վիտրաժի խմբակները ներկայացել էին խաչքարագործ, կավագործ, ծղոտագործ  վարպետների աշխատանքների  ցուցադրությամբ,  նաև՝ վարպետաց  դասեր են անցկացրել։

ԱՎԵԼԻՆ