ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 735-ԱՄՅԱԿԸ


Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Թանահատի  վանական  համալիրի  Սուրբ Ստեփանոս  եկեղեցում  թեմակալ  առաջնորդի  ձեռամբ  կատարված  օրհնության կարգով,  որից  հետո ներկաները  ունկնդրել  են «Գեղարդավանք»  երգչախմբի  ներկայացրած  ու Կոմիտասի  մշակմամբ  մեզ  հասած  հոգևոր,  աշխարհիկ  երգեր։

Պատմական  վկայությունների  համաձայն  վանական  համալիրի  տարածքում  գործել  է միջնադարյան  նշանավոր  կրթօջախը՝  Գլաձորի  համալսարանը։  Կրոնական, փիլիսոփայական, հասարակական-քաղաքական ու ստեղծագործական մտքի զարգացման կենտրոնը  հայոց  պատմության էջերում ուրույն  տեղ է զբաղեցնում։  Գլաձորում բարձրագույն կրթություն ստացած անվանի շատ մտավորականներ  իրենց գիտական ու հոգևոր գործունեությունը հետագայում շարունակել  են Գլաձորում,  նաև՝ Հայաստանի մյուս նահանգներում։

Գլաձորի համալսարանի գործունեության մշակութային, գիտական ու կրթական նշանակությունը իրենց խոսքում կարևորել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մատենադարանի փոխտնօրեն Աշոտ Մաթևոսյանը։  Նրանց  համոզմամբ  Գլաձորի համալսարանը  բացառիկ  երևույթ է հայոց պատմության մեջ, իսկ 35 տարի առաջ խորհրդային իշխանությունների օրոք Գլաձորի համալսարանի 700-ամյակը մեծ շուքով նշելը՝ մեծ հերոսություն։

«Գլաձորի համալսարան»-ի 735-ամյակի տոնակատարությունը նախաձեռնել ու կյանքի  է  կոչել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ը,  որի մասնաճյուղն է «Գլաձորի  համալսարան» պատմամշակութային  արգելոց-թանգարանը, Թանահատի վանական համալիրը՝  ենթահուշարձաններով։

ՊՈԱԿ-ի տնօրեն  Արա  Թարվերդյանի փոխանցմամբ  Գլաձորի  համալսարանը  համահայկական նշանակություն ունի մեր պատմության  մեջ և  կրթօջախի գոյությունը ապացուց է, որ մենք կրթության ու դպրության խորը արմատներ ենք ունեցել։

Տոնական միջոցառման մասն էին կազմել  նաև Եղեգնաձորի Մշակույթի տան  հարակից տարածքում գործող տաղավարները։ Վայոց  Ձորի տարածաշրջանային պետական  քոլեջի ուսանողները, անհատ վարպետները, «Սյունիք-զարգացում» հասարակական կազմակերպության համայնքային կենտրոններում իրականացվող մանրանկարչության, բատիկի և վիտրաժի խմբակները ներկայացել էին խաչքարագործ, կավագործ, ծղոտագործ  վարպետների աշխատանքների  ցուցադրությամբ,  նաև՝ վարպետաց  դասեր են անցկացրել։

Մասնավորապես  մարզպետ  Տրդատ  Սարգսյանը կավագործությամբ  է  հետաքրքրվել , ապա  խոստովանել՝  առաջին  փորձությունը  ուսուցողական  էր, հետո՝ ստեղծագործական  մոտեցում  կարելի  է  ցուցաբերել։ Իր սաների ձեռագործ աշխատանքներով  էր ներկայացել  «Օրրան» բարեգործական  հիմնադրամը։

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որի ֆոնդերում պահվում են Գլաձորի համալսարանի 700-ամյակին նվիրված ծալաթերթեր, գրականություն  նույնպես  մասնակցում էր միջոցառմանը։ Հարևան տաղավարը՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինն էր։ Ներկայացվել  էր՝ կազմակերպության հրատարակած  գրականությունը։

Գլաձորի համալսարանի 700-ամյակի միջոցառումներին իրենց անգնահատելի ավանդը ունեցած նվիրյալների աշխատանքը գնահատել ու պատվոգրերի էր արժանացրել «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը։  35 տարի ուշացումով, բայց գնատահատանքի  ու երախտագիտության  մեծ զգացումով դրանք  հանձնվել  են 1984 թ․ միջոցառումը  իրականություն  դարձրած  անձանց։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության ջանքերով մեկ շաբաթ է Վայոց ձորի մարզում կամավորական ճամբար է գործում՝ Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից ժամանած երիտասարդներն աշխատում են Զորաց եկեղեցու տարածքում։

Օտարերկրացի հյուրերը եղել են Զվարթնոցում, Հաոյոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Մինչ Հայաստանից  մեկնելը կլինեն նաև  Սելիմի քարավանատանը, Նորատուսում, Սմբատաբերտում, Արատեսում,  Նորավանքում։

Տոնական  միջոցառումն  ամփոփվել  է Վայոց  ձորի  մարզի  պարային  համույթների  կատարումներով, որին ի դեպ մեծ սիրով մասնակից էին դարձել նաև կամավորական ճամբարի ներկայացուցիչները՝  հդիկ, չինացի, սերբ, ամերիկացի  երիտասարդները  հայկական  երգ ու  երաժշտության հնչյունների ներքո  քոչարի են  պարել։

Ցուցադրվել  է  նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ նկարահանված  ու միջնադարյան կրթօջախի գործունեությանը  նվիրված Գլաձորի  համալսարան․ «Երկրորդ  Աթենք  Պանծալի»  փաստավավերագրական  ֆիլմը։


Աղբյուրը՝ http://hushardzan.am