Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Տոնի օրը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Սեպտեմբերի 15-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի ՍբԽաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Ս. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

ՀՀ Զիված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ արդեն ավանդույթ է դարձել զորամասի զինծառայողների հետ ուխտագնացություն կազմակերպել Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցել Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին ու Անդաստանի կարգին:

Տոնի օրը մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի:

Հոգևորականաց դասի՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թովմա քհն. Անդրեասյանի, N զորամասի զինվորների, դպիրների, երգչախմբի անդամների, ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և Ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

Աշխարհի 4 կողմերը խորհրդանշող եկեղեցու 4 կողմերում 4 Ավետարանների ընթերցումից հետո հանդիսադիր Հայր Սուրբը, Խաչվերացի թափորի ծիսական արարողակարգի համաձայն, վարդաջրով ցողեց ներկա գտնվող հավատացյալներին:

Արարողության ավարտին Հոգեշնորհ Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, որից հետո Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին:

Վերջում, ընդունված կարգի համաձայն, հավատացյալները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

Թող Սուրբ Խաչը խաղաղության մեջ պահի, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, մեր սրբազան հայրենիքը և քաջարի ժողովրդին:

Թող Սուրբ Խաչ վանքը ի կատար ածի բոլոր ուխտավորների ուխտը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու