Հայտարարություն


Սիրելի՛ հայորդիներ, Վաղը՝ Խաչի Գյուտի տոնի օրը, Արկազի Սուրբ Խաչ վանքում տոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00:

ՏՈՆ ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ


Ըստ  տոնացուցային ընթացքի` Խաչին նվիրված վերջին` չորրորդ տոնն է Խաչի գյուտը: Այն թե’ ժամանակային և թե’ իմաստային առումներով հաջորդում է Վարագա խաչի տոնին, քանի որ նվիրված է Խաչափայտի երկրորդ գյուտին և տոնվում է Վարագա խաչի տոնից հետո:

Խաչի գյուտը միաժամանակ սերտորեն կապված է Խաչվերացի տոնի հետ, քանի որ Խաչվերացի տոնի նախընթաց և հաջորդող օրերը հարաբերվում են Խաչափայտի երկրորդ գյուտի և դրանից հետո Հեղինե թագուհու կառուցած եկեղեցիների հիշատակության հետ:

Խաչի այս երկրորդ գյուտը տեղի է ունենում 327թ., երբ Երուսաղեմ է գալիս Կոստանդիանոս Մեծի մայրը` Հեղինե թագուհին: Իմանալով, որ Երուսաղեմի Հուդա անունով բնակիչներից մեկը գիտի Խաչափայտի տեղը` նրա օգնությամբ գտնում է Սուրբ Խաչը, որը Խաչի առաջին գյուտից հետո տարել և թաղել էին Գողգոթայի աղբյուսներում:

Հեղինեն երբ պահանջում է փորել այդ աղբյուսները, գործավորները խուսափում, ապա և դժկամությամբ դանդաղորեն են աշխատում, ուստի Հեղինե թագուհին պատվիրում է այդ աղյուսների վրա ոսկի և արծաթ լցնել, որպեսզի դրանք վերցնելու համար փորեն և խորանան ներքև, որից հետո <<պեղեցին վաղվաղակի>>: Այս պատմության մեջ ևս ասվում է, որ երեք խաչափայտերը միասին են գտնվում, և դարձյալ մեռյալին հպելով են պարզում, թե որն է Քրիստոսինը:

Ասվում է, որ  երբ գտնվում են երեք խաչափայտերը, այդ ժամանակ մի մահացած պատանու էին տանում թաղելու, և Հուդան, մոտենալով այդ պատանու դագաղին, ասում է . <<Տէ՛ր իմ, Յիսուս Քրիստոս, մարդացեալ Բանդ Աստուած, ի Սուրբ Մարիամայ, ցոյց արդ զզօրութիւն Սրբոյ Խաչի Քո փրկականի առաջի թագուհոյն և բազմամբոխ ժողովրդեանս>> (Յայսմաւուրք, էջ 573):

Continue reading

“Հզոր հայրենիք” բարեգործական ատամնաբուժարան


Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի երկարատև աշխատանքի շնորհիվ է, որ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը կյանքի կոչվեց։

Ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր Վայոց ձոր մարզի Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ բնակավայրում։ Բացման արարողությանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ներկայացուցիչներ Պաշտպանության և Առողջապահության նախարարություններից, և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ից։

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ողջույնի խոսքում նշեց որ այս ծրագրի իրականացումը Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի մի քանի տարվա աշխատանքի և ներդրումների արդյունք է, շնորհակալություն հայտնեց նաև Վիգեն Կարապետյանին, Կարո Գևորգյանին և մի շարք ամերիկահայ բարերարների, որոնք շարունակական աջակցություն են բերելու  այս նախաձեռնությանը:  Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և միտում ունի ընդլայնվելու։

ԱՎԵԼԻՆ

Այսօր Սբ. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օրն է


Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, որ ապրել էր Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորելու բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը  ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում:

ԱՎԵԼԻՆ

Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝Մարթայի ու Մարիամի հիշատակության օր


Սբ. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես լինելով Հիսուսի հրաշափառ հարության` հրաժարվում է սուտ վկայություն տալուց, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Սբ. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից: Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Սբ. Մարիամի ամուսինը: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տես Մատթ. 1:19):

ԱՎԵԼԻՆ