«Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով եռօրյա հանդիպում-քննարկում


Քննարկումն իրականացվել է “Սյունիք-Զարգացում” ՀԿ-ի Սոցիալական ծրագրի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար։


Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ շեշտադրելով Վայոց ձոր մարզում զարգացման հեռանկար ունեցող երկու ոլորտների՝ գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ նշելով․ «Երբեք չպիտի մեզ հանգիստ զգանք, որովհետև շրջապատված ենք մարտահրավերներով։ Պետք է բոլորս միասին մեր հնարավորությունը ներդնենք՝ մեր մարզի, մեր երկրի զարգացմանը։ Պետք է իրապես օր ու գիշեր աշխատենք և ես ուրախ եմ, որ այսօր այդ աշխատանքին լծված շատ մարդիկ կան»։


Պաշտոնական բացումից հետո “Սյունիք-Զարգացում” ՀԿ ծրագրերի ղեկավարը ներկայացրեց կազմակերպության սոցիալական ծրագիրը:
Այնուհետև հրավիրյալ խոսնակները ներկայացրին համայնքային զարգացմանը նպաստող մի շարք ելակետային սկզբունքներ։

ՀՀ վարչապետի խորհրդական Ռ․ Ղուկասյանը խոսեց համայնքների մարդակենտրոն զարգացումից, ներհամայնքային զարգացման պլանների մասին բնակիչներին տեղեկացնելու և նրանց հետ քննարկելու մասին, համայնքային զարգացման ռազմավարության, ՏԱՊ-երում համայնքային ծրագրերն ըստ առաջնահերթությունների, ոլորտային խնդիրների լուծման տրամաբանական կապի մասին:

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վ․ Մովսիսյանը ներկայացրեց Համայնքների տարեկան աշխատանքային պլանների արդյունավետ կազմակերպման սկզբունքներն ու կարևորությունը, Շեն ԲՀԿ գյուղատնտես Նվարդ Շահմուրադյանը ներկայացրեց ինտենսիվ այգեգործության հիմնախնդիրները, ազդող գործոնները, խոչընդոտները և զարգացման հեռանկարները, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ն․ Պետրոսյանը խոսեց մարզի խոշորացված համայնքների հողերի քարտեզագրման և գոտիավորման մասին։


«Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով հանդիպում-քննարկման երկրորդ օրը հագեցած էր ոլորտային քննարկումներով։
Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ․ Մարգարյանը ներկայացրեց «Պետության կողմից օժանդակություն ջերմոցային տնտեսություններին» ծրագիրը, ծրագրի առավելությունները և դիմելու ընթացակարգը, Վայոց ձոր մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ա․ Կոստանյանը խոսեց սուբվենցիայի հայեցակարգի և սուբվենցիոն ծրագրերի մասին, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերի նվազման վերաբերյալ առաջարկություններով, ֆոնդահայթայթման մասնագետ Տ․Սուքիասյանը խոսեց համայնքների համար հնարավոր ֆոնդերի, ֆոնդահայթայթման գործիքների և դրամաշնորհներ գրելու հմտությունների և նրբությունների մասին, շեշտը դնելով Վայոց ձոր մարզի զարգացման երկու հիմնական ուղղությունների՝ տուրիզմի և գյուղատնտեսության վրա։


Վայոց ձոր մարզի զինվորական կոմիսար Ա․ Հովսեփյանը և Վայոց ձորի մարզպետ Ա․ Գրիգորյանը պաշտպանության նախարարի կողմից պատվոգրեր հանձնեցին Գլաձոր, Վայք համայնքների ղեկավարներին և Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավարին սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Քննարկման վերջին օրը համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուները ներկայացրին իրենց համայնքների զբոսաշրջային գրավչություն ունեցող առկա և պոտենցիալ ռեսուրսները։ Քննարկվեցին մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկի՝ զբոսաշրջության ոլորտում առանձին համայնքների հիմնախնդիրները։ Հետագա աշխատանքների պլանավորման նպատակով առաջիկայում համայնքներում կստեղծվեն աշխատանքային խմբեր՝ աշխատելու զբոսաշրջության ոլորտում համայնքի գույքագրման, խնդիրների վերհանման և հնարավոր լուծումների համար։

Աղբյուր՝ “Սյունիք-Զարգացում” ՀԿ