Սուրբ Ծննդյան արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, եկեղեցու այս տարվա խաչքավոր Արտակ Վարդանյանը և բազմաթիվ վայոցձորցիներ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Արժանապատիվ Տեր Հայրը Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը:

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:

Թող Ամենակալ Աստված զորացնի եկեղեցու խաչքավորին՝ իր նվիրական առաքելության մեջ: