Կանադայի հայոց թեմի օգնությունը սահմանամերձ Սերս, Բարձրունի և Նոր Ազնաբերդ համայնքներին


Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, Ամանորի շեմին Սերս, Բարձրունի և Նոր Ազնաբերդ

բնակավայրերի սահմանապահ ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանն օժանդակում է Կանադայի հայոց թեմը:

ՀՀ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնությամբ և Կանադայի թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմյանի գլխավորությամբ Կանադահայոց Թեմի «Հայաստանի Երեխաներու Հիմնադրամի» վարչական կազմի անդամների կողմից կազմակերպվել է դրամահավաք և ուղարկվել Վայոց ձորի սահմանային գյուղերին:

Ուղարկված գումարը և ամանորյա տոպրակները սահմանամերձ գյուղերի բնակիչներին  բաժանել են Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը  և թեմի գլխավոր հաշվապահ Անահիտ Դովլաթյանը:

Սուրբ Ծննդյան արարողությունները Նորավանքում


Հունվարի 6-ին  Նորավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

 Ս. Պատարագի ընթացքում Հայր Սուրբն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սուրբ Ծննդյան պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Նորավանքի խաչքավորն է Վասիլ Ալեքսանովը: Խաչքավորի կողմից Նորավանքում գտնվող ժողովրդին բաժանվեց գաթաներ, և շատերն ուրախությամբ մասնակցեցին նաև նրա նախաձեռնած ընդունելությանը:

Թող Տերն օրհնի բոլորին և բոլորի ուխտն ի կատար ածի: Թող Բեթղեհեմի Տիրոջ աստղի լույսն առաջնորդի մեր ազգին հաղթական ճանապարհներով, և թող Ամենակալ Աստված զորացնի մեր խաչքավորին՝ իր նվիրական առաքելության մեջ:

Սուրբ Ծննդյան արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, եկեղեցու այս տարվա խաչքավոր Արտակ Վարդանյանը և բազմաթիվ վայոցձորցիներ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Արժանապատիվ Տեր Հայրը Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը:

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:

Թող Ամենակալ Աստված զորացնի եկեղեցու խաչքավորին՝ իր նվիրական առաքելության մեջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն,
… որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5):


Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել ենք օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգևած կենարար շնորհներով:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, …որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»,- ասում է առաքյալը: Մարդկային մտքի համար դժվար ընկալելի է, թե ինչպես կարող է անսահման Աստված սահմանավորվել, Արարիչն Աստված արարված մարդու կերպարանք առնել: Մեր պատմահայր Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ իրողությունը իր գեղեցկահյուս շարականում կոչում է «Խորհուրդ մեծ և սքանչելի»:

կարդալ ավելին
Image

Ս. Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 5-ին Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Ս. Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ: Արժանապատիվ Տեր Հայրը Ս. Պատարագի ընթացքում հանդես եկավ հավուր պատշաճի քարոզով՝ մեկնաբանելով տոնի խորհուրդը: