Տյառնընդառաջի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Փետրվարի 13-ին Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն կատարվեց Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որին ներկա էին եկեղեցու այս տարվա խաչքավոր Օհան Միքայելյանը, համայնքի բնակիչներ և աշակերտներ:


Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ, հանդես եկավ տոնի խորհուրդը քարոզող հայրական խոսքով:


Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի խորհրդանշական խարույկը:


Այնուհետև եկեղեցու բակում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Մալիշկա համայնքի դպրոցների աշակերտները:


Վերջում ներկաները հյուրասիրվեցին խաչքավորի ընտանիքի կողմից պատրաստված քաղցրավենիքներով և աղանդերներով: